Իշխանությունը կգնա՞ վարկային համաներման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքակիրթ պետություններն ազգային արժեքի վայրիվերումները ձգտում են զսպել այլընտրանքային միջոցներով: Օրինակ՝ Ռուսաստանի Պետդուման նախագիծ է մշակում, որով նախատեսվում է վարկային համաներում իրականացնել:

Վերջերս Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները ներկայացրել են, այսպես կոչված, «հակառոստովյան» նախագիծ, որն ուղղված է օգնելու ՌԴ քաղաքացիներին՝ սպառողական վարկերն ավելի դյուրին ձեւով մարելու համար: Նախագծով նախատեսվում է 2016 թվականի հունվարի 1-ից «վարկային համաներման» կիրառում: Պետդումայի պատգամավորներն օրինագծի կազմման ընթացքում նկատի են ունեցել նաեւ արագացված վարկավորման վիճակագրությունը: Այսպիսով՝ ՌԴ-ում արագացված սպառողական վարկերը 2014 թվականի ավարտին կազմել են 15%, միկրովարկավորումները՝ ավելի քան 30%: Պատգամավորներն առաջարկել են սահմանափակել վարկային պայմանագրի տոկոսագումարները, ինչպես նաեւ՝ միկրոֆինանսավորող կազմակերպությունների իրավունքները: Կոմունիստներն առաջարկել են նաեւ 2016 թվականի հունվարի 1-ից զրոյացնել վարկառուների խախտումների արդյունքում առաջացած կետանցերը եւ տոկոսների ավելցուկները, եթե, իհարկե, նա ամբողջությամբ մարել է մայր գումարը, վարկային պայմանագրի տոկոսները: Պատգամավորների կարծիքով՝ շատ քաղաքացիներ վարկի կարիք ունեն, սակայն ի վիճակի չեն վճարելու շատ բարձր տոկոսներ:

Իսկ ահա հայաստանյան բանկերը, հակառակը, առիթից օգտվելով, որ դոլարի փոխարժեքը բարձրանում է, եւ դրամն արժեզրկվում, աշխատում են եղած վարկերը փոխել դոլարի, որպեսզի է՛լ ավելի մեծ շահույթ ստանան: Մինչդեռ առողջ ու նորմալ պետությունը մտածում է եւ քայլեր է ձեռնարկում, որպեսզի քաղաքացուն ընդառաջի եւ նման ճգնաժամային պայմաններում շատ ավելի վատ վիճակում չհայտնվի, հնարավորինս մեղմ կրի այդ ծանր հետեւանքները, մինչեւ երկիրը հաղթահարի այն իրավիճակը, որում հայտնվել է:

Ցավոք, Հայաստանում գործող բոլոր բանկերը մասնավոր են, պետական բանկ գոյություն չունի: Եւ անհատների բարի կամքից է կախված ամեն ինչ: Իսկ այդ կամքը չկա: Հայաստանում այս պահին շուրջ երկու տասնյակ բանկ է գործում, եւ եթե բանկերից մեկը քաղաքացուն ընդառաջ գնա, ապա հավանականությունը շատ մեծ է, որ մյուս գործընկեր բանկերը տարբեր տնտեսական մեթոդներով այնպես ճզմեն գործընկերոջը, որը երկար ժամանակ ֆինանսապես խելքի չի գա:

Ի դեպ, տեղեկացնենք, որ այս տարի «Առաքելություն» կուսակցությունը ՀՀ ԱԺ նախագահին, խմբակցություններին ու կառավարությանն առաջարկել է գյուղատնտեսական վարկերի համաներում իրականացնել: Ըստ այդմ, առաջարկվում էր կիրառել վարկային համաներում, որը հնարավորություն կտա ցուցաբերել զգալի օգնություն գյուղացիներին: Համաներումն առաջարկվում է կիրառել հետեւյալ սկզբունքով. այս տարվա մայիսի 1-ի դրությամբ բանկերի նկատմամբ 30 օրից ավել ժամկետանց վարկային պարտավորություններ ունեցող գյուղացիների վրա, որոնց ժամկետանց վարկային պարտավորությունները չեն գերազանցում 3 մլն ՀՀ դրամը, ժամկետանց վարկային պարտավորությունների ստացման իրավունքը ձեռք բերել բանկերից, այդ գումարը փոխհատուցել բանկերին 5 տարվա ընթացքում, կառավարության հանդեպ ձեւավորված պարտավորությունների մարման համար սահմանել մարման ճկուն գրաֆիկ` առանց տոկոսագումարի հաշվարկման:
Բացի այս՝ կուսակցությունն առաջարկում էր վարկերի մնացորդները վերաձեւակերպել նոր վարկերի` 5 տարի մարման ժամկետով, տարեկան առավելագույնը 8 տոկոս տոկոսադրույքով, ՀՀ դրամով:

Մինչ այս ճգնաժամը վարկային համաներման կարիքը կար, հիմա դրա անհրաժեշտությունն ավելի է հասունացել, եւ ֆինանսական շուկայում արտակարգ իրավիճակն արտակարգ լուծում է պահանջում: Ինչը ճգնաժամը մեղմելու հնարավորություն կտա:

Այս կուսակցությունն իրականում շատ ողջունելի նախաձեռնությամբ է հանդես եկել, ինչը, սակայն, արհամարհվեց կառավարության կողմից:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս