Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված ձևաչափով գագաթնաժողովին: Քննարկվել են Եվրոպական խորհրդի՝ ս.թ. դեկտեմբերի 18-19-ի նիստի նախապատրաստական աշխատանքները, ԵԺԿ քաղաքական և ծրագրային հարցերը, քաղաքական իրավիճակը ԵՄ անդամ պետություններում և ԵԺԿ անդամ կուսակցությունների դիրքորոշումները: Հիմնական զեկույցներով հանդես են եկել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:

Գագաթնաժողովից հետո ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հետ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ նման հանդիպումները լավ առիթ են միջկուսակցական կապերի ամրապնդման շուրջ մտքեր փոխանակելու, ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու, ինչպես նաև առկա մարտահրավերներին ու խնդիրներին անդրադառնալու համար:

Հանրապետության Նախագահը վերահաստատել է ԵԺԿ-ի հետ հետագա համագործակցության հարցում Հայաստանի պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը: Նախագահը նշել է, որ Եվրոպական միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը:

Հանդիպմանը քննարկվել են ԵՄ-ի հետ համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության հետ Հայաստանի Հանրապետական կուսակցության համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերին, այդ թվում՝ տարբեր միջխորհրդարանական կառույցների շրջանակներում:

Ավարտելով աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երևան:




Լրահոս