ՄԱՐԴՈՒ ՀԱՎԱՏՔԸ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օրեր առաջ երգիչ Մհեր Մեսրոպյանը Facebook-ի իր էջում գրառում էր կատարել իր կրոնական հայացքների ու նախասիրությունների վերաբերյալ: 
“Վերջերս շահարկումների առիթ եւ շատ լրատվամիջոցների համար ռեյտինգ հավաքելու պատճառ դարձավ հարցազրույցներից մեկի ժամանակ հնչեցրած, բայց ձեւախեղված եւ անավարտ իմ հետեւյալ կարծիքը. “Կյանքի խոսք” եկեղեցին ինձ օգնում է տարբեր բաներով, ես իրավունք չունեմ հրաժարվել այդ օգնությունից: Հայ Առաքելական եկեղեցին ինձ չի օգնում: Ժամանակն է պարզաբանեմ եւ հստակեցնեմ իմ դիրքորոշումներն այդ հարցի կապակցությամբ: Ցավոք, խոսքս սխալ է ընկալվել:
Հարցազրույցի ժամանակ ես փորձել եմ բացատրել, որ քրիստոնեությունը շատ ճյուղեր ունի, օրինակ՝ ԱՄՆ-ի ու եվրոպական շատ երկրների պաշտոնական կրոնը քրիստոնեությունն է, իսկ եկեղեցին՝ բողոքականն է: Բողոքականությունը (լատիներեն՝ protestans, որը նշանակում է՝ հանրության առջեւ ապացուցող) կաթոլիկության եւ ուղղափառության հետ միասին քրիստոնեության երեք գլխավոր ճյուղերից մեկն է: Բողոքականությունը սկիզբ առավ ռեֆորմացիայի` հակակաթոլիկ շարժման հետեւանքով Եվրոպայում XVI-րդ դարում: Ամեն մարդ ընտրում է քրիստոնեության այն ճյուղը, որն իրեն հոգեպես ավելի հարազատ է:
“Կյանքի խոսք”-ն ավետարանչական (բողոքական) եկեղեցի է, որը պարբերաբար հրավիրել է ինձ ելույթ ունենալ իրենց տարբեր միջոցառումներին: Իր հերթին “Կյանքի խոսք”-ը երբեմն օգնել է տարբեր հարցերում, ինչի մասին ես ասել եմ հարցազրույցի ժամանակ` նշելով որպես տարբերություն Առաքելական եկեղեցու հետ, այլ ոչ թե որպես շահի աղբյուր, ինչպես թյուրիմացաբար ընկալվեց: Ընդամենը այդքանը:
Ինչպես հասկացա, այդ ցավոտ հարցի մասին միայն ես եմ անկեղծորեն խոսել, ինչը զարմանքի եւ սխալ մեկնաբանությունների բուռն ալիք ստեղծեց: Ցավոք, ժամանակի սղության պատճառով հարցազրույցն ամբողջապես չի թողարկվել, դուրս է մնացել մի շատ կարեւոր հատված, որում ես ասել եմ եւ հիմա էլ կասեմ` ես հաճախում եմ Հայ առաքելական եկեղեցի, ավելին, մկրտված եմ Մոսկվայի Առաքելական եկեղեցում:
Բացի այդ, իմ “Հայաստան” տեսահոլովակում շոշափվում են հայրենասիրության եւ կրոնի հարցերը, ընդգրկված են քահանայի եւ եկեղեցու դրվագներ եւ այլն: Հետեւաբար, եկեղեցին ինձ համար Աստծո հետ շփվելու, նրա հետ զրուցելու եւ օրհնություն ստանալու վայր է: Պետք չէ մտացածին եզրահանգումներ, արհեստածին ենթադրություններ անել եւ անհեթեթ լուրեր տարածել՝ առանց պարզաբանելու եւ թացը չորից տարբերելու: Պետք չէ ապրել այլոց կրոնական նախասիրություններով, քանի որ մարդու հավատքը, ըստ օրենքի, խիստ անձնական երեւույթ է եւ քննարկման ենթակա չէ”: 
Այս գրառումը կարդալուց հետո շտապեցինք զանգահարել Մհերին ու պարզել, թե ինչն է նրան դրդել գրել այս ամենը, եւ ինչ ստացվեց: 
-Գրել եմ, որ պարզաբանում լինի ժողովրդի, հասարակության համար, որ մարդու հավատքը քննարկման ենթակա չէ: Ես պարզապես իմ դիրքորոշումն եմ ներկայացրել: Որ չհարցնեն, մեկնաբանություններ չգրեն: Ուղղակի ցանկացա բացատրել, որ մարդիկ սխալ չմնեկնաբանեն իմ ասածները: 
-Չե՞ք թաքցնում, որ “Կյանքի խոսք” եկեղեցի եք հաճախում:
-Բայց ես նախ եւ առաջ առաքելական եկեղեցի եմ հաճախում: Եթե գնամ, օրինակ, Ռուսաստան, առաքելական եկեղեցի չլինելու դեպքում կգնամ ուղղափառ եկեղեցի: Ինձ համար կարեւորն Աստվածն է, քրիստոնեությունը՝ դա կլինի բողոքական եկեղեցի, թե կաթոլիկական: Ուզում եմ աղոթել, կմտնեմ ցանկացած  եկեղեցի: Եթե ես մտնում եմ այլ եկեղեցի, դա չի նշանակում, որ առաքելականը փոխում եմ: 
-Դե եթե Հայ առաքելական եկեղեցին Ձեզ հոգեւոր հանգստություն տալիս է, այդ դեպքում ի՞նչ է Ձեզ տալիս “Կյանքի խոսք” եկեղեցին:
-Ընդհանրապես համեմատելի չեն: Մի անգամ անզգույշ մի մեկնաբանություն եմ արել, մարդիկ մտածել են՝ շահի համար եմ գնում “Կյանքի խոսք”:
-Ես այդ հարցը պատրաստվում էի Ձեզ ուղղել: Ինքս էլ լսել եմ, որ ասացիք` “Կյանքի խոսք”-ն ինձ օգնել է: Այդ ի՞նչ օգնություն է եղել:
-Բնականաբար, ոչ ֆինանսական: Մի միջոցառման ժամանակ ինձ տեխնիկա էր հարկավոր, ես խնդրեցի, ինձ անվճար տրամադրեցին: Այդքան բան: Ծիծաղս գալիս է, երբ գրում են՝ Մհերը կամերայի համար գնաց, ծախվեց, դավաճանեց եւ այլն: 
-Ուրիշ այլ խնդրանքներով դիմե՞լ եք “Կյանքի խոսք” եկեղեցուն:
-Ո՛չ, բացառվում է: Ամեն եկեղեցուց ես հոգեւոր առումով քաղում եմ ինձ համար հարազատ բաներ: Կաթոլիկ եկեղեցու երաժշտությունն եմ սիրում, առաքելականում՝ մոմ վառելը, իսկ բողոքականում՝ քարոզ լսելը: 
 
Ինքներդ մասնակցե՞լ եք այդ միջոցառումներին:
-Միայն երգել եմ: Ես երգիչ եմ, այլ ոչ թե հոգեւոր սպասավոր, գնացել, երգել եմ ու վերջ: Եկեղեցին նախ եւ առաջ ինձ համար Աստծո հետ շփվելու, նրա հետ զրուցելու եւ օրհնություն ստանալու վայր է: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս