«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հիշեցնենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյան վրա հարձակվել էր Արշակ Սվազյանը: Երբ պատգամավորը մտել էր շքամուտք, վերջինս հարվածել էր նրա դեմքին եւ դիմել փախուստի:
Իսկ հարվածելու պատճառը, ըստ քննչական մարմիններից եղած արտահոսքի, եղել էր այն, որ պատգամավորը հայհոյել է իր հրամանատարին (Սերժ Սարգսյանին): Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 117 հոդվածով: Լուրեր էին շրջանառվում, թե Արամ Մանուկյանի դեմ հարձակում գործած Արշակ Սվազյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) վարորդն է, սակայն ե՛ւ պատգամավորը, ե՛ւ Սվազյանը հայտարարեցին, թե նման բան չկա:
Իսկ ո՞վ էր այդ «թասիբով» Սվազյանը, որ ամիսներ անց որոշեց Արամ Մանուկյանի տված հայհոյանքի համար պաշտպանել Սերժ Սարգսյանի պատիվը: Դեռեւս 2011 թվականին Սվազյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էր երեք տարի ազատազրկման՝ մաքսանենգության մեղադրանքով: Նա 2010 թվականին փորձել է Դուբայ-Երեւան չվերթով մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծել ադամանդներ՝ 68 միլիոն 859 հազար ՀՀ դրամ արժողությամբ: ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներման արդյունքում նա, պատիժը լրիվ չկրած, 2011 թվականի մայիսի 26-ին ազատվել է:
Բացի այդ՝ կասկածելի է նաեւ Սվազյանի տարիքը. նա ծնվել է 1973 թվին: Եւ արցախյան ազատամարտի տարիներին՝ 1992-1993 թվականներին, եղել է 20 տարեկան: Այսինքն՝ տակավին երիտասարդ Սվազյանը մարտնչել է ազերիների դեմ, այն էլ Սերժ Սարգսյանի հետ: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը 1990-ին եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, իսկ 1993-95-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար: Համաձայնեք՝ փոքր-ինչ տարօրինակ է, այնպես չէ՞:
Ինչեւէ, այն, որ այս պատմության մեջ շատ մութ կետեր կան, նույնիսկ առաջին հայացքից է նկատվում: Ինչո՞ւ պատգամավորի վրա հարձակում գործած Սվազյանին Աղվան Հովսեփյանի գլխավորած քննչական կոմիտեն ստորագրությամբ ազատ արձակեց: Չէ՞ որ նա բոլոր հիմքերն ունի՝ նախաքննությունից թաքնվելու. ի վերջո, պատահական մարդու չի ծեծել:
Կարելի է տրամաբանել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված եւ մաքսանենգության համար ազատազրկման դատապարտված վարորդը դժվար թե «մոռացության» մատնվի ԱԱԾ-ի կողմից: Իսկ գուցե Արշակ Սվազյանը հենց ԱԱԾ-ի «մարդն» է՝ հավաքագրված: Դժվար է ասել: Այնուամենայնիվ, փաստ է, որ Սվազյանի թիկունքին, Սերժ Սարգսյանի բառերով ասած, «խոշոր ձկներ» կան, որոնք պետպատվերն իջեցնելուց հետո նաեւ «տեր են կանգել» նրա արարքին»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: