Ազնավուրի հրապարակը եռաչափ պատկերներով կպատվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
20 օր շարունակ Երեւանի քաղաքապետարանն ու Ամերիաբանկը մայրաքաղաքի բնակչությանը եւ հյուրերին հնարավորություն են ընձեռել “Ավելին իրագործելու ազատություն” կարգախոսի ներքո ներկայացնել մայրաքաղաքի արտաքին ձեւավորման առնչությամբ իրենց կարծիքներն ու առաջարկությունները: Այս մասին armlur .am-ին տեղեկացրեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: “Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարեւորում եւ խրախուսում է բոլոր այն  ծրագրերի իրականացումը, որոնք հավելյալ խթան են մայրաքաղաքի զարգացման հարցում”,-նշել է Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն ու հավելել, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրված “Երազանքների պատ”- երին, ինչպես նաեւ քաղաքապետարանի եւ “Ամերիաբանկի” Facebook-ի էջերում, եղել են բազմաթիվ երազանքներ: Ծրագրի համատեքստում առաջին նվերը երեւանցիներին կմատուցվի հունիսի 26-ին: Հաշվի առնելով Երեւանում եռաչափ պատկերներով ձեւավորում ունենալու մասին երազանքների պատերին տեղ գտած բազմաթիվ խնդրանքները` կազմակերպիչների նախաձեռնությամբ Շառլ Ազնավուրի հրապարակի սալահատակն ամբողջությամբ կձեւավորվի եռաչափ պատկերներով: Այդ նպատակով “Բի Բի Մեդիա” գովազդային գործակալության միջոցով Երեւանն է հրավիրվել գերմանացի աշխարհահռչակ եռաչափ (3D) նկարիչ Նիկոլայ Արնդտը: “Թեեւ մի քանի ժամ եմ Երեւանում, սակայն հասցրել եմ հիանալ ձեր քաղաքով: Համոզված եմ, որ երեւանյան աշխատանքս համալրելու է իմ լավագույն գործերի շարքը”,- նշել է Նիկոլայ Արնդտը:
Թե ի՛նչ նկար է պատկերվելու սալահատակին՝ կազմակերպիչները չեն շտապում բացահայտել: Աշխատանքը կատարվելու է ջրակայուն եւ ջերմակայուն հատուկ ներկերով, ուստի հիանալ նկարով եւ նկարի ֆոնին լուսանկարվել Ազնավուրի հրապարակում՝ երեւանցիները կկարողանան մի քանի ամիս շարունակ:  
Նշենք նաեւ, որ մայրաքաղաքում ծրագիրն իրականացվում է առաջին անգամ, որը նախաձեռնողներրի կարծիքով  նոր շունչ կհաղորդի եւ ավելի կգեղեցկացնի քաղաքը:




Լրահոս