Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ երեկ «Արայի ամրոց» ռեստորանում կայացած քեֆ-ուրախությանը մասնակցել է նաև ՀՀ Ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը: Մեր տեղեկությունների համաձայն` ներկա է եղել նաև Երևանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ իր տեղեկություններով՝ երեկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորութամբ Դավիթաշեն վարչական շրջանի ներկայացուցիչները «Արայի ամրոց» ռեստորանում նշել են Ամանորը: Մեր տեղեկություններով՝ խնջույքը սկսվել է ժամը 17.30-ին, որին ներկա են եղել նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արթուր Գեւորգյանը՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան, ով մինչ պատգամավոր ընտրվելը ղեկավարել է Դավիթաշեն վարչական շրջանը, քաղաքապետարանի վարչության տարբեր ներկայացուցիչներ, Երեւանի ՀՀԿ ավագանու անդամներն ու վարչական շրջանի աշխատակիցները:
«Ժողովուրդ»-ն արդեն անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի համայնքային միջոցներով կազմակերպվող այս քեֆերին: Այսպիսով` կարող ենք արձանագրել, որ երեկվանից այդ քեֆերն արդեն մեկնարկել են: Այսքան շուտ սկսելու պատճառն այն է, որ մինչեւ դեկտեմբերի վերջ Տարոն Մարգարյանը հասցնի բոլոր վարչական շրջանների աշխատակազմերի հետ քեֆ անի: Ի դեպ, այդ «ուտուշ-խմուշներից» յուրաքանչյուրի համար Երեւանի համայնքային բյուջեից վճարվում է առնվազն 2 միլիոն դրամ»: