Հայոց բանակում ինքնասպանության դեպքեր չեն լինում, քանի որ մեր զինվորները հզոր են և անկոտրուն: Եթե մի զինվոր առաջին գծում դիմակայում է հակառակորդի արձակած 4 հազար կրակոցին, որևէ բան նրան ընկճել չի կարող: Այս համոզմանն է «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, ում խոսքով` վերջին շրջանում զինվորների մահացության դեպքերը, որոնք ինքնասպանություն են որակվում, փաստերի խեղաթյուրման արդյունքն են:
«Այդ պիտակը պետք է մեկընդմիշտ հանել մեր տղաների վրայից: Թե այդ պահին ինչ է կատարվում տղայի հետ, չեմ կարող ասել: Պարզապես մեզ համար խնդիր է այն, որ զինվորը երբևէ ցուցմունք չի տա որևէ մեկի դեմ: Եթե այս մտածելակերպը փոխվի, խնդիրը կլուծվի, քանի որ չեն լինում վկաներ, գործերը փակվում են: Իսկ դրանց մեծ մասն էլ հետագայում պարզվում է` ոչ թե ինքնասպանություն է, այլ` ուրիշ բան: Դուք կարծում եք` իմ տղայի դեպքը բացահայտվա՞ծ է»,- շարունակեց Մարգարիտա Խաչատրյանը` հավելելով, որ ցանկացած որդեկորույս մոր համար անհասանելի է քրեական գործը, ինչը ևս մեծագույն խնդիր է:
Armlur.am-ի հարցին` ի՞նչ հաճախականությամբ է «Զինվոր» համակարգող խորհուրդը ստուգումներ իրականացնում զորամասերում թե՛ մաքրության, թե՛ սննդի անվտանգության պահպանման նպատակով, Մարգարիտա Խաչատրյանը հայտնեց, որ համակարգող խորհրդին իրավասություն է տրվել ցանկացած պահի` գիշեր, թե ցերեկ, մտնել զորամաս և ստուգումներ իրականացնել:
«Ես կարող եմ վստահաբար փաստել, որ գոմեշի միս կտորներով էլ բանակ չի մտնում: Զինվորը պահածոյացված սնունդ է ստանում, գիտի` իր առավոտյան «զավտրկն» ինչ է, հետո ինչ է: Մինչև 2003 թվականը խնդիր կար այդ հարցով, իսկ այսօր հպարտությամբ կարող եմ ասել, որ շատ լավ վիճակ է: Եվ կասեմ, որ բանակի վիճակը շատ ավելի լավ է, քան` հասարակությանը»,- ասաց Մարգարիտա Խաչատրյանը:
Վերջինս հայտնեց, որ ձմեռային զորակոչն այս տարի կմեկնարկի հունվարի 8-ից և կտևի մինչև հունվարի 31-ը: Բանախոսը փոխանցեց նաև, որ աշխատանքային են լինելու նաև շաբաթ և կիրակի օրերը, բացառությանմբ` հունվարի 28-ի:
Վերջում Մարգարիտա Եսայանը կոչ արեց «բերդի բիրտ բարքերը բանակ չբերել, քանի որ մեզ դատապարտված զինվորներ պետք չեն»: