Բրիտանիայի հակահայկական զեկույցի հետևում նշմարվում են Ադրբեջանի «ականջները»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության «Հայաստանի սփյուռքի դերն ու նշանակությունը» նոր զեկույցում խոսվում է ղարաբաղյան հակամարտության «հրահրման» մեջ հայկական սփյուռքի դերակատարման մասին: Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ըստ փաստաթղթի՝ իբր հենց հայկական սփյուռքի գործունեությունն է հայկական տնտեսության սնանկացման պատճառ դարձել, քանի որ դրա արդյունքում 1993թ.-ից սկսած փակ են Հայաստանի սահմանները երկու հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչն ավելացնում է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից:

«Հետևաբար, Հայաստանը չի կարող օգտվել գոյություն ունեցող և ապագայում ստեղծվելիք խողովակաշարերից, որոնցով Եվրոպա է տեղափոխվում ադրբեջանական գազը և նավթը: Փոխարենը՝ երկիրը հունվարի 1-ից կանդամակցի Կրեմլի նախագիծը հանդիսացող ԵՏՄ-ին, չնայած այն բանին, որ Ռուսաստանի հանդեպ միջազգային պատժամիջոցներն անուղղակի կերպով անդրադառնում են նաև Հայաստանի տնտեսության վրա»,- նշվում է զեկույցում:

Ըստ ադրբեջանական աղբյուրների, փաստաթղթում նշվում է նաև, որ Հայաստանն ունի Հարավային Կովկասում ամենաթույլ տնտեսությունը և ամենաքիչ բնակչությունը: Երկրում այս պահին բնակվում է 2,9 մլն մարդ, ինչը մեկ միլիոնով ավելի պակաս է 1992թ.-ի ցուցանիշից:

Նշվում է նաև, որ 1991թ.-ից սկսած Հայաստանը մի քանի միլիարդ դոլար է ստացել սփյուռքից:

Տպավորություն է ստեղծվում, որ այս փաստաթուղթը, որը վերագրվում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությանը, ստեղծվել է հենց ադրբեջանցիների պատվերով: Չի բացառվում նաև, որ հայկական սփյուռքի դեմ ուղղված այս զեկույցն արտացոլում է Արևմուտքում աճող հակառուսական քարոզչության ալիքը, որը, անխուսափելիորեն, կհարվածի նաև Ռուսաստանի ռազմավարական գործընկերոջ կարգավիճակում ընկալվող Հայաստանին:




Լրահոս