Դոլարի փոխարժեքի բարձրացման հետեւանքով Հայաստանում սկսվեց թանկացումների ալիք. մթերքը, ծխախոտը, հագուստը թանկացան: Այս գնաճի ֆոնին դեղերի ներմուծմամբ եւ իրացմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ թանկացրեցին նաեւ սրտանոթային, արյան բարձր ճնշումն իջեցնող եւ այլ առաջին անհրաժեշտության դեղամիջոցներ:
Դեղորայքի թանկացմանը զուգահեռ դեկտեմբերի 5-ին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեղ ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է հիմնական ցանկում (դեղերի հիմնական ցանկում են այն դեղերը, որոնք պետությունն ամբուլատոր բուժհաստատության միջոցով փոխանցում է սոցիալապես անապահով խմբերին) ներառված դեղերի գների բարձրացման հարցին: Նա հորդորել է դեղ ներմուծողներին տարադրամի արժույթի տատանման պայմաններում վարել դեղերի գների բարձրացումը զսպող քաղաքականություն: Իհարկե, կողմերը համաձայնության են եկել, որպեսզի ձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր՝ հատկապես ՀՀ հիմնական դեղերի ցանկում ներառված դեղերի գների անհիմն բարձրացումը կանխելու ուղղությամբ:
Սակայն իրականում հակառակն է. դեղատներում, ինչպես ցույց տվեցին «Ժողովուրդ»-ի ուսումնասիրությունները, դեղերը 5-10 տոկոսի չափով թանկացել են:
«Տոնուս Լես» դեղորայք ներմուծող ընկերությունը, որը միաժամանակ զբաղվում է նաեւ դեղերի մանրածախ եւ մեծածախ առեւտրով, այս օրերին դոլարի եւ եվրոյի փոխարժեքի բարձրացման հետեւանքով ֆինանսկան վնասներ է կրում: Ընկերության ներկայացուցիչը, ով ներկայացավ Լիլիթ, «Ժողովուրդ»-ին փոխանցեց. «Մենք բոլորս էլ ներմուծողներ ենք եւ դրսից ենք այդ ապրանքները ստանում, որի դիմաց վճարում ենք վալյուտայով՝ ե՛ւ դոլարով, ե՛ւ եվրոյով: Ի դեպ, մեծ դժվարությամբ ենք կարողանում հավաքել կանխիկ դրամը, հավանաբար, մարդկանց ձեռքին գումար չկա: Եւ փոխանցումներն անում ենք բարձր տոկոսով»:
Ընկերության ներկայացուցիչը դժվարացավ կանխատեսել՝ առաջիկայում էլի թանկացումներ կլինեն, թե՝ ոչ:
«Բայց մենք այսօր մինուսով ենք աշխատում՝ փորձելով պահել այն, ինչը որ ունենք: Բավականին մեծ վնասներ ենք կրում, քանի որ այսօր մենք փոխանցումներ ունենք Գերմանիա կատարելու, եւ չենք կարողանում ուղարկել դրանք: Իսկ եվրոն, արդեն տեղյակ եք, որ բարձրացել է: Բայց այսպես երկար աշխատել, նշանակում է՝ կազմակերպությանը տանել կործանման: Մենք փոխանցումն անում ենք եվրոյով կամ դոլարով, ապրանքը գնում ենք թանկ, բայց վաճառում ենք ցածր գներով:
Նույն ներմուծման ժամանակ ԱԱՀ-ի հսկայական գերավճար ունենք: Իսկ հիմա, երբ դոլարի կամ եվրոյի փոխարժեքը բարձրանում է, համապատասխանաբար, ԱԱՀ-ի աժեքն էլ է բարձրանում: Ու ավելի քան վստահ եմ, որ բոլոր բիզնեսներում մարդիկ աշխատում են վարկերով: Այս կարգի կազմակերպությունները գնում են դեպի ճահիճ»,- ներկայացրեց Լիլիթը: Նրա խոսքով՝ իրենց կազմակերպությունն ունի դոլարով հսկայական վարկեր, որի տոկոսադրույքներն ավելի են մեծանում:
Իսկ Ժասմենա Ալեքսանյանը, ով որպես հաշվապահ է աշխատում «Ֆարմեքս» դեղատանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ցավով արձանագրեց, որ այս թանկացումների հետեւանքով դեղատան հաճախորդների թիվը նվազել է: «Այլ կերպ չենք կարող, որովհետեւ մենք դեղերն արդեն իսկ թանկացած ենք ստանում եւ ինչ-որ չափով այն մեր կողմից էլ ենք թանկացնում: Ու արդյունքում մարդկանց հոսքը պակասել է»,- նկատեց հաշվապահը:
Հավելենք, որ եղանակային այս փոփոխություններին ավելի դժվարությամբ են կարողանում հարմարվել հիմնականում սրտանոթային հիվանդությամբ տառապող մարդիկ: Իրենց մոտ դա արտահայտվում է ճնշման բարձրացումով, նույնիսկ մեկ-մեկ կարող է լինել ճնշման անկում, սրտի իշիեմիկ հիվանդության սրացում:
«Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն՝ հետաքրքրվելով դեղերի թանկացման պատճառների մասին:
Ի պատասխան մեր հարցմանը՝ նախարարությունից տեղեկացրեցին, որ մեր հանրապետությունում դեղերի շրջանառությունը կարգավորվում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքով. «Մինչ այժմ դեղերի գների պետական կարգավորում նախարարության կողմից չի իրականացվել օրենսդրական դաշտի բացակայության պատճառով, սակայն «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի 11-րդ հոդվածը սահմանում է դեղերի գների պետական կարգավորում եւ հսկում: Միայն նշված օրենքի ընդունումից հետո ՀՀ առողջապահության նախարարությունը կարող է մասնակցել դեղերի գնագոյացման գործընթացին: Պետք է նշել, որ նոյեմբերի 1-ից դեղերի գների փոփոխություն չի նկատվել: Դեղերի շուկայում գների նկատելի աճ արձանագրվեց նոյեմբերի 20-ից հետո, ինչն ակնհայտորեն պայմանավորված է դոլարի եւ եվրոյի փոխարժեքների տատանմամբ»:
Բայց միեւնույն է՝ դեղորայքի թանկացումը քաղաքացու գրպանին մեծ հարված է: Այս օրերին նրանք չեն կարողանում մի կտոր հացի գումար վաստակել, ուր մնաց՝ կենսական անհրաժեշտություն համարվող դեղ գնեն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մի շարք քաղաքացիներ այնքան հուսահատված ու հոգնած էին ամեն ինչից, որ չգիտեն, թե ումից ինչ պահանջեն:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ