«Ախր քո տեղը Հայաստանը չէր, որ ասում եմ՝ Թեհրանից միանգամից Փարիզ պետք է գնայիր, ճիշտ եմ ասում, էլի, Շառլ Ազնավուրը ո՞նց արեց…Քեզ էստեղ էդպես էլ չգնահատեցին, էլի»,- փոքր-ինչ զայրացած պահերին Արման Մանարյանին ասում է նրա կինը՝ Լիդա Հարությունյանը, ով ոչ մի կերպ չի հաշտվում այն մտքի հետ, որ կինոռեժիսոր ամուսինն այդպես էլ չի կարողացել ավարտին հասցնել իր մի քանի կարեւոր նպատակներ:
Նա «Ժողովուրդ»-ին պատմել է, որ, օրինակ, ժամանակին, երբ Արման Մանարյանը դեռ երիտասարդ ռեժիսոր էր եւ արդեն հասցրել էր վայելել «Տժվժիկ» ֆիլմի հաջողությունը, ձեռնամուխ էր եղել մեկ այլ՝ Շիրվանզադեի համանուն պատմվածքի՝ «Արտիստ»-ի հիման վրա ֆիլմի նկարահանման աշխատանքներին:
«Արդեն ֆիլմի կեսը նկարահանել էր, իսկ Սովետական Հայաստանում կազմված հատուկ հանձնաժողովը կինոնկարը դեռ չտեսած՝ հավանություն չէր տվել դրան, եւ որոշվել էր այն փակել: Արմանն այդ առթիվ բողոքել էր Մոսկվայում, իսկ նրան պատասխանել էին, որ հանձնաժողովը ոչ թե ֆիլմի, այլ իր դեմ է գործում: Արմանը Մոսկվայից եկել էր Հայաստան, որպեսզի վերցներ մատերիալն ու նկարահանումները շարունակեր Ռուսաստանում, այնինչ՝ եկել էր հայրենիք եւ ինչ տեսներ…Ֆիլմի ժապավենն այրված էր…»,-հուզմունքով պատմում է ռեժիսորի կինը:
Նրա խոսքով՝ Խորհրդային Միությունում ժամանակին չէին թողնում, որ Մանարյանը ոտքը դուրս հանի. «Հիշում եմ՝ Ֆրանսիայում հայկական ֆիլմերի ցուցադրություն պետք է լիներ, «Հայֆիլմ»-ում որոշել էին, որ Արմանի միանգամից երեք ֆիլմեր՝ «Տժվժիկը», «Կարինեն», «Հեղնար աղբյուրը» պետք է ներկայացվեին այնտեղ: Սակայն ամուսինս այդպես էլ չգնաց այդ ցուցադրությանը, քանի որ Սովետմիությունում վախենում էին, որ նա էլ հետ չի գա»,-մեկնաբանեց կինը:
Տիկին Լիդան, սակայն, ամենաշատն ափսոսում է ամուսնու անավարտ մուլտֆիլմի համար. «Երբ Արմանը վթարի էր ենթարկվել եւ արդեն վատառողջ էր, ասաց, որ մտածել է, թե ինչպիսին է լինելու մուլտֆիլմի ավարտը, մյուս առավոտյան, սակայն, ոչինչ արդեն չէր հիշում»,-ափսոսանքով պատմում է տիկին Լիդան՝ փարատվելով այն հանգամանքով, որ որոշակի կաղապարների մեջ անգամ իր ամուսինը կարողացել է մի ամբողջ ժառանգություն թողնել՝ մնալով հայ կինոյի պատմության մեջ:
Հ.Գ. Դեկտեմբերի 15-ին Արման Մանարյանը նշեց իր 85-ամյակը: Այս առիթով «Ժողովուրդ»-ն ընթերցողներին ներկայացրեց նրա կյանքի մի քանի բացառիկ դրվագ:
Աննա Բաբաջանյան