Անկախ այն բանից, թե իրականում Վարդան Օսկանյանը գործ ունեցել է «կեղտոտ փողերի» հետ, թե ոչ` ակնհայտ է, որ նախկին արտգործնախարարի շուրջ զարգացող այս ողջ գործընթացը ունի հստակ քաղաքական ենթատեքստ, որի հիմնական նպատակը ԲՀԿ-ին սաստելն է: Իհարկե, դրա համար իշխանությունները կարող էին կիրառել շատ ավելի հեշտ եղանակներ. օրինակ՝ կրկին պարզել, որ ԲՀԿ շարքերում կան բազմաթիվ թմրամոլներ, ապօրինի զենք կրողներ եւ այլն: Էլ չասած` ԲՀԿ առաջնորդին պատկանող ձեռնարկություններում իրականացվող հարկային ստուգումների մասին: Սակայն ինչպես տեսնում ենք, իշխանություններն ընտրել են շատ ավելի բարդ եւ միջազգային հակազդեցության առումով գլխացավանքներով լի ճանապարհ` փողերի լվացման մեջ մեղադրելով արեւմուտքում բավական մեծ կապեր ունեցող նախկին արտգործնախարարին: Առաջին հայացքից կարող է թվալ, թե դրա պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանի համար առաջնային է դիտվում Վարդան Օսկանյանին` որպես ՀՀ նախագահի հավանական թեկնածուի, չեզոքացնելը: Իրականում, սակայն, այստեղ խնդիրը Օսկանյանը չէ: Խնդիրը հենց ԲՀԿ-ն է, որին Սերժ Սարգսյանը ցանկանում է ամեն գնով «կոտրել»: Ընդ որում, դա անել այնպես, որ ԲՀԿ-ն, ի վերջո, այլ ելք չունենալով, ոչ թե դառնա արմատական ընդդիմություն, այլեւ «խիստ կառուցողական» դաշտից տեղափոխվի «առավել խիստ կառուցողական» դաշտ: Իրականում «Սիվիլիթաս»-ի շուրջ այս գործով իշխանությունները ուզում են ԲՀԿ-ի առաջնորդին հասկացնել, որ եթե իրենք կարող են քրեական գործ հարուցել այնպիսի, թվում է, մաքուր գործչի նկատմամբ, ինչպես Վարդան Օսկանյանն է, ապա բազմաթիվ բիզնեսներ ունեցող եւ մշտապես հարկերից խուսափող ԲՀԿ-ական գործարարների հարցերը լուծելն ընդամենը ժամերի հարց է: Հետեւաբար` «կո՛ւժ քեզ եմ ասում, կուլա դո՛ւ լսի» սկզբունքը կիրառելով` Սերժ Սարգսյանը եւս մեկ, գուցե վերջին հնարավորություն է տալիս ԲՀԿ-ին` «ճիշտ գնահատելու» իրավիճակն ու սեփական կարողությունները եւ բռնելու «անառակ որդու» ճանապարհը: Եւ հիմա Գագիկ Ծառուկյանը կանգնած է թերեւս էլ ավելի վճռորոշ երկընտրանքի առջեւ, քան ընտրություններից հետո, երբ որոշում էր կոալիցիա մտնել-չմտնելու հարցը: Եւ այն, որ շուրջ 10 օր շարունակ ԲՀԿ-ից այդպես էլ պաշտոնապես չեն արձագանքում իրենց ցուցակի երկրորդ դեմքին առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածելու փաստին, ցույց է տալիս, որ Գագիկ Ծառուկյանն առայժմ որոշում չունի: Այսպիսով՝ Սերժ Սարգսյանը Ծառուկյանին դրել է քաղաքական ցուգցվանգի մեջ: Ցանկացած քայլ կատարելով` ԲՀԿ առաջնորդը կորուստներ է ունենալու. եթե դեմ դուրս գա իշխանություններին, ապա կվտանգի սեփական բիզնեսները, եթե շարունակի լռել` ապա կվտանգի ԲՀԿ-ի հեղինակությունը: Թե ինչ որոշում կկայացնի Ծառուկյանը, պարզ կդառնա կարճ առաջիկայում, երբ նա վերադառնա արտերկրից, որտեղ, ըստ ամենայնի, քննարկումներ է անցկացնում Ռոբերտ Քոչարյանի հետ: Իսկ առայժմ ԲՀԿ-ն բավարարվում է անհատական մակարդակով հնչեցվող «մտահոգություններով»:
ՑՈՒԳՑՎԱՆԳ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ