Հիմնանորոգվել է Գորիսով անցնող միջպետական ավտոճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիմնանորոգվել և շահագործման է հանձնվել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքով անցնող միջպետական նշանակության ավտոճանապարհի (Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) 4.5 կմ երկարություն ունեցող հատվածը:

Շինարարական աշխատանքներն իրականացնող «Ոսմար» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրի համաձայն` ճանապարհի հիմնանորոգումը սկսվել է 2013 թվականի հունիսին, ավարտվել`2014 թվականի հոկտեմբերին:

Հիմնանորոգված ճանապարհահատվածի հողային պաստառը նախկինում անբավարար վիճակում էր: Ասֆալտբետոնե ծածկը մաշված և քայքայված էր, երթևեկելի մասի վրա կային լայնական, երկայնական և ցանցաձև ճաքեր, առաջացել էին մեծ մակերեսով և խորությամբ փոսեր, նստվածքներ: Ջրահեռացման համակարգը (ջրթող խողովակները), արհեստական կառուցվածքները (հենապատերը), մայթերը, մուտքերն ու իջատեղերը, ինչպես նաև ճանապարհի անվտանգության տարրերը նույնպես անմխիթար վիճակում էին:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում վերականգնվել է ճանապարհի հողային պաստառն ու ջրահեռացման համակարգը, կառուցվել են ասֆալտբետոնե ծածկի ներքին և վերին շերտերը:

Իրականացվել են նաև մայթերի, իջատեղերի ու մուտքերի վերականգնման, նոր հենապատերի կառուցման և գոյություն ունեցողների նորոգման աշխատանքներ: Հաշվի առնելով անվտանգ երթևեկությունն ապահովող չափորոշիչները` տեղադրվել են ճանապարհային նոր նշաններ, մետաղական արգելափակոցներ, ազդանշանային սյուներ և կատարվել է գծանշում:

Աշխատանքներն իրականացվել են ՀՀ 2013-2014թթ. պետական բյուջեի միջոցների հաշվին: Կապալի պայմանագրային արժեքը 701. 370. 611 ՀՀ դրամ է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ձևավորված շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկված էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի, «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ի, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության, կապալառու կազմակերպության, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատու աշխատակիցներ, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարը։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս