Հունիսի 20-ին տեղի է ունենալու Ազգային Ժողովի նիստ, որի ժամանակ նոր ձեւավորված կառավարությունը խորհրդարանի հաստատմանն է ներկայացնելու իր ծրագիրը: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ընդդիմադիր ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգություն»-ը, կառավարության ծրագրին «դեմ» են քվեարկելու: «Ժողովուրդ»-ը զրուցեց այդ ուժերի ներկայացուցիչների հետ` պարզելու նրանց տրամադրվածությունը:
ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ
-Տիկի՛ն Փոստանջյան, «Ժառանգություն»-ն ի՞նչ որոշում է կայացրել՝ կառավարության ներկայացնելիք ծրագրի հետ կապված, դուք կո՞ղմ, թե՞ դեմ եք քվեարկելու:
-Քվեարկության օրն արդեն պարզ կլինի, բայց հավանաբար դեմ ենք քվեարկելու, ուղղակի հիմա ես մեկնաբանություն չեմ կարող տալ, նախ մենք ծրագիրը չենք տեսել:
-Այդուհանդերձ, նշեցիք, որ հավանաբար դեմ եք քվեարկելու, ինչո՞ւ:
-Նախապես այդ տրամադրությունն առաջացել է նրանից, որ մեր «լավագույն» կառավարության կողմից ներկայացրած ծրագիրն է, որի իրագործման համար անհրաժեշտ են կամք եւ մեխանիզմներ: Բայց եթե դրանք չեն լինում, այդ ծրագիրը չի կարող իրականություն դառնալ: Այդ իսկ պատճառով մենք գտնում ենք, որ այդ ծրագիրը կյանքի կոչել չեն կարող: Մենք դեռեւս չենք տեսել ծրագիրը, բայց հետագայում այդ ծրագրի մասին մեր կարծիքը կարտահայտենք: Չնայած ես չեմ կարծում, որ մենք այդ ծրագրին կողմ կքվեարկենք:
-Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ «Ժառանգություն»-ը հանդիպում ունեցե՞լ է:
-Վարչապետը հանդիպել է խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ, հանդիպել է խորհրդակցության կարգով, բայց ես մանրամասներից տեղյակ չեմ:
ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
-Տիկի՛ն Զոհրաբյան, ԲՀԿ-ն արդեն որոշե՞լ է, թե ինչպես է քվեարկելու կառավարության ծրագրին:
-Մենք երեկ ենք ստացել ծրագիրը, որն արդեն բաժանված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բոլոր պատգամավորներին: Երկուշաբթի կամ երեքշաբթի ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցությունը կկազմակերպի ծրագրի քննարկում, եւ երբ կլինի նիստը, այդ ժամանակ մենք մեր ասելիքը կասենք: Բայց մի բան նշեմ. կառավարության ղեկավարը մնացել է անփոփոխ, կառավարության գրեթե ողջ կազմը մնալու է անփոփոխ, եւ այստեղ անգամ ամենամեծ երեւակայության դեպքում դժվար է խոսել նոր կառավարության մասին: Իսկ ինչ վերաբերում է ծրագրին, մեկ բան ես կարող եմ հստակ ասել. չեն լինում լավ կամ վատ գրված ծրագրեր, բոլոր ծրագրերն էլ շատ լավ, շատ կանոնավոր ու կոկիկ գրված են: 2008-2012թթ. ծրագիրն էլ պակաս գրագետ շարադրված չէր, բայց լինում են իրականացված եւ չիրականացված ծրագրեր: Թե որքանով է 2008-2012թթ. ծրագիրն իրականացվել, կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրին հայտնի է: Բայց ես կրկնում եմ՝ դա իմ մասնավոր կարծիքն է, ֆրակցիան դեռեւս կքննարկի, ու մենք մեր դիրքորոշումը կարտահայտենք:
-Այսինքն՝ հետեւություն եք արել 2008-2012թթ. չիրականացված ծրագրից, ու հնարավոր է՝ ԲՀԿ-ն ե՞ւս դեմ քվեարկի:
-Ես ասում եմ իմ անձնական տեսակետը, եւ ես դա ասել եմ բազմաթիվ անգամ: Ես հիմա չեմ ուզում թվական տվյալների մեջ մտնել, այն գերակա առաջարկությունների մասին է խոսքը, որոնք կային 2008-2012թթ. ծրագրում, եւ որոնք այդպես էլ չիրականացվեցին: Իհարկե, միշտ էլ կարելի է հղում անել ֆինանսատնտեսական ճգնաժամին, եւ շատ դեպքերում, իմ տպավորությամբ, ֆինանսատնտեսական ճգնաժամը ոմանց համար կարծես թե փրկօղակ է դարձել, բայց կրկնում եմ՝ աղքատությունը, որ թիրախ էր ընտրված նվազեցնելու, աճել է, տնտեսական բոլոր թիրախներում եւս աճ կա, որը, ըստ ծրագրի, պետք էր նվազեցնել: Այս կառավարությունն արձանագրել է հետընթաց, իսկ կառավարության ծրագիրը հեքիաթների ժողովածու չէ, որ լավ հեքիաթ գրեն: Այս կառավարությունն ի վիճակի է ծրագիր իրականացնել, թե ոչ` 2008-2012թթ. արդյունքը ցույց տվեց, որ ոչ:
-Բայց դրա մեղավորներից մեկն էլ այդ կառավարության մաս կազմած ԲՀԿ-ն է:
-Ուրեմն ես ասեմ` ԲՀԿ-ն ունեցել է 4 նախարար, մենք մեր պարտավորությունների չափով միշտ էլ պատրաստ ենք եղել կրելու պատասխանատվություն: Թող որեւէ մեկի մտքով հանկարծ երբեւէ չանցնի, որ կարող է ԲՀԿ-ին ավելի լայն պատասխանատվությամբ օժտել, քան մենք լիազորություն ու պատասխանատվություն ենք ունեցել:
ԱԺ պատգամավոր, ՀԱԿ անդամ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
-Պարո՛ն Մանուկյան, ՀԱԿ-ը կողմնորոշվե՞լ է արդեն, թե ինչպես է քվեարկելու կառավարության ծրագրին:
-Ես կարծիք չեմ կարող ասել, եթե դեռ չեմ կարդացել ծրագիրը: Մեր խմբակցությունը դեռեւս ծրագիրը չի տեսել:
Հ.Գ. ԱԺ ՕԵԿ եւ ՀՅԴ խմբակցությունների տրամադրվածության մասին ոչինչ չկարողացանք պարզել: