ԱՆՁԵՐԻՆ ԹԻՐԱԽ ՉԻ ՎԵՐՑՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 11-ին ՏՄՊՊՀ-ն «Նատալի ֆարմ» ընկերությանը տուգանեց 50 մլն դրամով:  Պատճառն այն էր, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ առնչվող այդ ընկերությունը գերիշխող դիրք ունի դեղերի շուկայում եւ չի թողնում, որ մանր ընկերությունները դերակատար դառնան: Այս թեմայի շուրջ armlur.am-ի «Հատուկ կարծիք» հաղորդման հյուրն էր «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, որը եղել է տուգանքի ենթարկելու գործընթացի ակունքներում:
-Պարո՛ն Սաֆարյան, Դուք  Ձեզ բավարարված զգո՞ւմ եք այն փաստից, որ Սամվել Ալեքսանյանը տուգանվեց 50 մլն դրամով:  Եւ ի՞նչ եք կարծում, այդպիսով կշտկվի՞ դեղերի շուկայում առկա վիճակը:
-Ճիշտն ասած, որեւէ մեկի տուգանվելուց առանձնակի հաճույք չեմ ստանա, բայց շատ կուզենամ, որ այդ տուգանքը, որը, կարելի է ասել, աննախադեպ էր իր չափերի եւ տեսակի առումով, բերի շուկայում մրցակցության վերականգնմանը: Թեման շատ կարեւոր էր, յուրաքանչյուր քաղաքացի օգտվում է դեղորայքից: Ես ինքս անձամբ ունեմ տարիներ շարունակ հիվանդ ծնողներ, որոնք անընդհատ հիվանդանոցներում են եղել, եւ քաջ հասկանում եմ, թե որքան դժվար է հասարակ մարդու համար այդ բոլոր ծառայություններից օգտվել, ֆինանսապես դիմանալ:
 -Արդյոք Ձեր պայքարի դրդապատճառն այն չէր, որ «ՍԶՆԻ» ընկերության տնօրենը «Ժառանգության» ներկայացուցիչ է:
-Ո՛չ, տնօրենը հետո է դարձել «Ժառանգության» անդամ: Պարզապես նա շատ մեծ վստահություն ձեռք բերեց կուսակցության նկատմամբ, որովհետեւ տեսան, որ կուսակցությունը փոքր բիզնեսին պաշտպանում է: Կգա մի օր, երբ պետությունն իր պարտականություններին տեր կկանգնի եւ թույլ չի տա` գործարար լինի, օլիգարխ կամ ով ուզում է լինի, իր լծակներն օգտագործի անձնական բարեկեցության համար: Պետությունը բոլորի բարեգործը պետք է լինի, այլ ոչ թե մեկի:
-Մյուս կողմից էլ տպավորություն կա, որ վերջին շրջանում Սամվել Ալեքսանյանը թիրախավորվել է: Փակ շուկայի հարցով  քննադատեցին, հետո Դուք սկսեցիք՝ դեղերի շուկայի հետ կապված: Ավելին, խոսեցին, որ Սամվել Ալեքսանյանը նարդի է խաղացել Կոնգրեսի անդամների հետ: Չե՞ք կարծում, որ նախկինում Րաֆֆու Սամվելը ներկայում թիրախում է հայտնվել:
-Ճիշտն ասեմ` ես անձերին թիրախ չեմ վերցնում: Ինձ համար թիրախը պրոցեսն է:
-Դուք չընտրվեցիք ԱԺ պատգամավոր: Չե՞ք ափսոսում, որ մնացիք առանց մանդատի:  Պատգամավորական գործունեությունը դադարեցնելուց հետո ի՞նչ եք պատրաստվում անել:
-Ափսոսում եմ: Իմ պատգամավորական գործունեությունն ուներ իր լավ ու վատ կողմերը: Ասեմ, որ շատ լավ դպրոց էր: Պատրաստվում եմ վերադառնալ վերլուծական աշխատանքին, դա միակ տեղն է, որտեղ ինձ խանգարող ոչինչ չկա: Ակտիվորեն լինելու եմ հասարակական քաղաքական կյանքում եւ օգտագործելու եմ  այն բոլոր հարթակները, որոնք ինձ հասանելի կլինեն իմ գաղափարներն ու իմ խոսքը մարդկանց հասցնելու համար:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս