Երեկ ձերբակալվել է քննչական կոմիտեի ԶՔԳՎ 2-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Շ. Հայրապետյանը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` մեկ այլ քննիչի վարույթում քննված գործով Շ.Կ. Հայրապետյանն ամբաստանյալի հարազատներից 2.000 դոլարի կաշառք է պահանջել և ասել, թե գումարը պետք է հանձնի գործը հսկող դատախազին ՝ պատիժը մեղմելու նպատակով:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը հաստատեց քննիչի ձերբակալման փաստը եւ ասաց, որ ենթադրյալ խարդախության փաստի առթիվ հարուցվել քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (խոշոր չափերով խարդախություն), 38-312-րդ հոդվածի 2-րդ մասի (խոշոր չափերով կաշառք տալուն հանցակցելը), 34-312-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (խոշոր չափերով կաշառք տալու փորձ). «Գործի քննությունը գտնվում է հատուկ քննչական ծառայության վարույթում, այլ մանրամասների մասին կարող եք տեղեկանալ նախաքննող մարմնից»:
Հիմա դառնանք գործի արմատներին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Զինվորական քննչական գլխավոր վարչության 2-րդ կայազորային քննչական բաժնի քննիչներից մեկի վարույթում ՀՀ ՊՆ N զորամասում ծառայակից ընկերների միջեւ տեղի ունեցած վեճի գործ է քննվել։ Այս գործով մեկ այլ քննիչ ԶՔԳՎ 2-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Շ. Հայրապետյանը ծառայության մեջ գտնվող տղաներից մեկի հարազատին առաջարկ է արել. «Եթե ուզում ես հարազատդ այս վեճում արդարացվի, ուրեմն 2.000 դոլարի պատմություն է, վճարի, եւ հարցը հօգուտ քեզ կլուծվի»:
Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ քննիչ Հայրապետյանը 2000 դոլարը որ ցանկացել է վերցնել ծառայակից ընկերների վեճի մասնակից կողմերից մեկից, նրան ասել է, թե իր պահանջած 2000 դոլար գումարը պետք է հանձնի գործը հսկող դատախազին, որպեսզի դատարանում փորձեն օգնեն իրեն:
«Ժողովուրդ»-ին առայժմ պաշտոնապես չհաջողվեց պարզել, թե ով է այն քաղաքացին, որից իբր քննիչը գումար է պահանջել, սակայն կարողացանք մեր լավատեղյակ աղբյուրներից պարզել, որ ՀՀ ՊՆ N զորամասում ծառայակից ընկերների միջև տեղի ունեցած վեճի մասնակից կողմերից մեկը, որի կաշառք տալու դեպքում պետք է հօգուտ իրեն լուծվեր այս պատմությունը, ստիպված է եղել տան ոսկեղենը գրավադրել, որպեսզի կարողանան քննիչի պահանջած 2000 դոլարը հասցնի նրան: Իսկ ահա խարդախության այս կծիկը ի հայտ է եկել դատարանում, երբ դատավորի վճիռից հետո պարզվել է, որ դատախազի պահանջած պատժաչափը չի փոխվել: Կողմը հենց դատարանում բարձրաձայնել է, որ այս գործով գումար է տվել՝ ազատազրկման ձեւով պատիժ չնշանակելու համար:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց. «Քրեական գործի մասին տեղեկատվություն կարող է տրամադրել վարույթն իրականացնող մարմինը։ Միայն կարող եմ փաստել, որ խոսքը գնում է խարդախության մասին»։
Քննչական կոմիտեն ծառայողներին խստագույն պահանջ է ներկայացրել վարքագծի կանոնների պահպանման, օրինականության սկզբունքների անշեղ կատարման վերաբերյալ։ Առավել եւս անընդունելի են հանցավոր դրսեւորումները։ Լիահույս ենք՝ որ վարույթն իրականացնող մարմինը կապահովի քրեական գործի բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտումը եւ յուրաքանչյուրի գործողություններին կտա համարժեք քրեաիրավական գնահատական:
Քնար Մանուկյան