Դեկտեմբերի 19-ին Տավուշի մարզի Արծվաբերդ սահմանամերձ գյուղում շահագործման հանձնվեց պաշտպանության նախարարության միջոցներով կառուցված հերթական բնակելի շենքը` նախատեսված սպաների և նրանց ընտանիքների համար:
Բնակարանամուտի արարողությանը ներկա էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: 12 սպայի նոր բնակարանի բանալիները և սեփականաշնորհման վկայականներ հանձնելով` նախարարը շնորհավորանքի խոսքում կարևորեց սոցիալ-կենցաղային պայմաններն ու կեցության հարցը զինծառայողների համար, քանզի յուրաքանչյուր սպա պետք է ունենա իր ջերմ անկյունը, որպեսզի կարողանա բարեխղճորեն շարունակել ծառայությունը: Նախարարը փաստեց, որ առաջիկայում Տավուշի մարզում ևս 50 ընտանիք կապահովվի բնակարաններով:
Այնուհետև պաշտպանության նախարարը հանդիպում ունեցավ 3-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկի զինանձնակազմի և տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ, հանդիպման ընթացքում ամփոփվեցին 2014 թ. աշխատանքներն ու քննարկվեցին հետագա անելիքները:
Սեյրան Օհանյանն արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ այցելեց նաև մարտական հենակետեր: Նրանք ծանոթացան մարտական հերթապահության կրման պայմաններին, զինծառայողների մարտական պատրաստականությանն ու բարոյահոգեբանական վիճակին, ինչպես նաև հետաքրքրվեցին նրանց առօրյայով ու կենցաղային պայմաններով:
Տավուշի մարզում շրջայցը եզրափակվեց ռազմական ոստիկանության զորամասերից մեկում, որտեղ նախարարները մասնակցեցին 3-րդ կայազորային կարգապահական վաշտի բացման արարողությանը: