ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՄ ՈՐԴՈՒՍ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 12-ին կայացել է ժամկետային զինծառայող Սուրեն Կիրակոսյանի դատական նիստը, որի ընթացքում նրան դատապարտել են երկու տարվա ազատազրկման: Այժմ Սուրենը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:
Հիշեցնենք, որ Ս. Կիրակոսյանը վատառողջ վիճակով հայոց բանակ էր զորակոչվել 2009-ի հունիսի 3-ին: Ծառայության ընթացքում մի քանի անգամ ինքնակամ լքել էր զորամասը, որի հետեւանքով մեղադրվում էր դասալքության մեջ: Իսկ երբ կալանավորվեց, շուրջ 60 օր հացադուլի մեջ էր՝ պահանջելով բուժել իրեն:
Քրեակատարողական հիմնարկների հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ տեղեկացրին. «Սուրենի առողջական վիճակը նորմալ է, եւ հիմա նա գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց»-ում: Անալիզներ են նշանակել, որոշակի ստուգումներ պետք է անցկացվեն»:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Սուրենի դատապաշտպան Ռուբեն Ղազարյանի հետ, որը պատմեց. «Դատախազը միջնորդեց երկու տարի 6 ամիս ազատազրկել: Իմ ամբողջ պաշտպանական ճառից հետո, որն ուղղված էր այս իրավական համակարգին ու բանակում տիրող վիճակին, Սուրենին դատապարտեցին երկու տարի ազատազրկման: Հետո ես միջնորդեցի, որ պատիժը պայմանականորեն չկիրառեն, այլ կիրառեն 70-րդ հոդվածը: Սակայն դատավորը չբավարարեց այն: Այդ պատճառով պատրաստվում եմ վճիռը բողոքարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում»: Նրա խոսքերով՝ դատապարտյալը դժգոհ է վճռից: «Ես համոզված եմ, որ իր իրավունքը խախտվել է հենց այն պահին, երբ բժշկական հանձնաժողովն իր բնակության վայրում որոշել է, որ պիտանի է ոչ շարային ծառայության, սակայն նրան անմիջապես զորակոչել են եւ միանգամից շարային ծառայության տարել»,-բացատրեց դատապաշտպանը:
Այս թեմայով զրուցեցինք նաեւ իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ: «Նրան պետք է տարկետում տրվեր, բայց չի տրամադրվել, բուժզննումն օբյեկտիվ չի իրականացվել: Իմ համոզմամբ, տեղի է ունեցել Սուրեն Կիրակոսյանի արդար դատաքննության իրավունքի կոպիտ խախտում»,-ասաց Ա. Սաքունցը: Ըստ նրա՝ այս ամենն արվում է, որպեսզի հնարավորին չափով պատասխանատվության ենթարկելուց փրկվեն այն կառույցների ղեկավարները, որոնք վերը թվարկած խնդիրների համար անմիջական պատասխանատվություն են կրում:
«Միայն վերցնել եւ ծառայությունից փախչելու փաստի հիման վրա քրեական պատասխանատվության ենթարկել` առանց խորանալու դրա պատճառների մեջ, անարդար է: Դա շատ վերացական մոտեցում է»,-նկատեց իրավապաշտպանը: Սաքունցի համոզմամբ, եթե այս դատական գործը տեղափոխվի Եվրոպական դատարան, ապա ՀՀ-ն հերթական անգամ կպարտվի: «Եթե, իհարկե, վերադաս ատյանները չբավարարեն դատական ատյաններում Սուրենի իրավունքների պաշտպանության գործը: Իսկ ես կարծում եմ, որ պետք է դրական լուծում ստանա,-ընդգծեց նա` լրացնելով, որ եթե փախչելը որակում են որպես հանցագործություն, ապա դրա մեջ մասնակցություն ունեն նաեւ պաշտոնատար անձինք,-ինչո՞ւ այդ խնդրին ուշադրություն չի դարձվում: Նորից եմ կրկնում` տրամաբանությունը խախտել են: Նրա նկատմամբ պետք է նախ քրեական հետապնդումը դադարեցնեին, հետո միջոցներ ձեռնարկեին զինվորի առողջական վիճակի հարցերը լուծելու համար»:  
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սուրենի մայրը` տիկին Զվարթը, ասաց, որ պայքարելու է մինչեւ վերջ: «Արդարություն չկա, էլ ի՞նչ ասեմ: Նույնիսկ դատարանը հաշվի չառավ այն փաստը, որ որդուս հիվանդ վիճակով տարան բանակ: Դեմ եմ այդ վճռին, որովհետեւ այս ամենն իրականությանը մոտ չէ: Մինչեւ վերջ գնալու եմ: Արդարության համար պայքարելու եմ»,-հուսահատված նշեց մայրը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս