«ԲԱՅՑ ԴՈՒ ԷԼԻ ՔՅՈՌ-ՕՂԼԻՆ ԵՍ»…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ասում են` բավական երկար ժամանակ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի տրամադրությունն ընկած էր, իսկ քունն էլ չէր տանում: Բանն այն էր, որ «գնացող մարզպետերի» ցուցակում առաջիններից մեկը նրա անունն էր հոլովվում: Հատկապես Կովալի պաշտոնավարմանը դեմ էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը շատ վաղուց կամենում էր պաշտոնանկ անել նրան: Սերժ Սարգսյանն էլ, ըստ որոշ աղբյուրների, հոգնել էր ժամանակ առ ժամանակ Կովալի անվան շուրջ պտտվող խոսակցություններից, ուստի որոշել էր ավագագույն մարզպետին (նկատի ունենք տարիքը) խորհրդարանական ընտրություններից հետո վաստակած հանգստի ուղարկել:
Շահգալդյանը ոչ միայն անընդունելի էր համարվում իր գլխավորած մարզում, այլեւ կառավարության որոշ անդամներ եւս նրա նկատմամբ լավ չէին տրամադրված: Բայց Կովալն ապացուցեց, որ ինքն «էլի Քյոռ-օղլին» է` միշտ ձիուն նստած ու միշտ հաղթող…
Խորհրդարանական ընտրությունները Կովալի խայտառակությունն էին: Իշխանությունները նրա առաջ խնդիր էին դրել ամեն ինչ անել ՀՀԿ-ի համար ձայներ բերելու համար: Կովալը, իհարկե, խոսք չէր տվել, բայց ասել էր, որ ամեն ինչ անելու է` վստահությունն արդարացնելու համար: Իշխանությունները լավ էին հասկանում, որ Կովալից շատ բան պահանջելն անիմաստ է, որովհետեւ Կոտայքը Գագիկ Ծառուկյանի մարզն է, բայց համոզված էին, որ ցանկության դեպքում Կովալին շատ բան կհաջողվի: Ինչպես ամենուրեք, Կոտայքում եւս գործի դրվեց ընտրակաշառքի այն սկզբունքը, ինչն արդեն 5-10 հազար դրամով «հարստացրել» էր ընտրողներից շատերին:
Ընտրությունների ողջ օրը Կովալն «առաջավոր դիրքերում» էր. մարզպետարանում նստած` հրահանգներ էր տալիս, հաշվետվություններ ստանում, բայց, բնականաբար, մռայլ էր, որովհետեւ ժամանակ առ ժամանակ նրան զեկուցում էին, թե` «Քաջ Նազարն ապրած կենա, հսկաներն իրենց երկիրը չեն տալիս, որ իշխենք»… Շատերն ասում են, որ Կոտայքում ՀՀԿ-ն կարող էր հազիվ 10 տոկոս ձայն հավաքել, եթե Շահգալդյանը չլիներ: Ու սա ճշմարտություն է, որովհետեւ այս մարզում առաջատար էին ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը: Բայց Կովալին հաջողվեց հատկապես օրվա երկրորդ կեսին, «ով քնած է` արթո՛ւն կացեք» կանչելով, լուծել գոնե 30 ու մի քանի տոկոսի հարցը, որպեսզի կարողանար շեֆի աչքերին նայել ու մնալ մարզպետի պաշտոնում:
Դե, կիսատ գործեր դեռ էլի կան անելու. հարկավոր է ամրապնդել որդու դիրքերը քաղաքապետի պաշտոնում ու ամեն ինչ անել, որպեսզի նա պաշտոնական առաջխաղացում ունենա, հարկավոր է Ծաղկաձորի մի շարք տարածքների խնդիրները լուծել, որպեսզի ներդրած ջանքերն ապարդյուն չանցնեն: Շատ բան է պետք անել, մանավանդ որ միշտ «համեստ ունեւորի» կարգավիճակով հանդես եկող մարզպետն իրականում այնքան էլ համեստներից չէ…
Ընտրություններից հետո, երբ Կոտայքի մարզը ՀՀԿ հարցով արձանագրել էր «ցածր բերքատվություն», Չարենցավան քաղաքում ոմանք ուրախացել էին, որ Կովալը թոշակի կգնա, ինչն էլ նախադրյալ կլինի, որ շուտով որդին էլ հրաժեշտ տա քաղաքապետի պաշտոնին: Այստեղ հայտնի մտավորականներից մեկը մեզ բառացիորեն ասաց հետեւյալը. «Շահգալդյանները չարիք են Կոտայքի մարզի համար: Հայրը ողջ մարզն է առել բռան մեջ ու թույլ չի տալիս, որ մարզը զարգանա, տղան էլ Չարենցավանն է վերածել անձնական սեփականության»:
Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասենք, որ Կովալի «վաստակը» մարզի չզարգանալու հարցում այնքան էլ մեծ չէ, որովհետեւ հենց կառավարությունը որեւէ ծրագիր չունի՝ ինչպես այլ, այնպես էլ այս մարզի հետ կապված: Նախարարներից մեկը մեր այն դիտարկմանը, թե Կոտայքի մարզը, ունենալով ահռելի ներուժ, կարող է շատ հարուստ ու սոցիալապես ապահով լինել, ինչու է մինչեւ հիմա ծնկած վիճակում, պատասխանեց. «Կառավարությունը չի հասցնում բոլորի համար ծրագրեր կազմել: Դրա համար էլ մարզպետարաններ կան, որոնք պարտավոր են նախաձեռնություններով հանդես գալ, ծրագրեր առաջարկել»: Երեւի ասվածի մեջ ինչ-որ ճշմարտություն կար: Բայց դե ծրագրերն ո՜ւր, Կովալն ո՜ւր… Նա դեռ շարունակում է մարզը ղեկավարել բոլշեւիկյան մեթոդաբանությամբ ու «ցեխավիկի» հոգեբանությամբ:
Մենք հետաքրքրվեցինք, թե վերջին երեք տարում մարզպետարանում մարզխորհրդի նիստերի ժամանակ գոնե մեկ ծրագիր քննարկվել է արդյոք`  նվիրված մարզի զարգացման խնդիրներին: Մարզի պատասխանատուներից մեկը փռթկացրեց ու ասաց. «Նման ծրագիր քննարկելու համար հարկավոր է ճկուն ուղեղ ունենալ, մտքեր ունենալ, մարզի հանդեպ հոգատարություն ունենալ: Իսկ այդ ամենի համար էլ պետք է լավ մարզպետ ունենալ»: Պարզ էր` հենց մարզային պաշտոնյաներից ոմանք Կովալին լավ մարզպետ չեն համարում, համոզված են, որ նա իր ինտելեկտով զիջում է շատերին, իհարկե, սեփական շահի հաշվարկներում չունենալով իր նմանը: Բազմաթիվ անգամներ գրվել է տանիքների հետ կապված պատմության մասին, էլի ուրիշ պատմություններ կան: Խոսվում է նաեւ այն մասին, որ հատկապես «էլիտար գոտու» որեւէ տարածք համայնքապետերն իրավունք չունեն տնօրինելու առանց մարզպետի գիտության: Նա լավ գիտի, որ ինքնիրավչություն է հանդես բերում, որ խախտում է ՏԻՄ օրենքի մի շարք դրույթներ, բայց Կոտայքի մարզում Կովալը ե՛ւ օրենքն է, ե՛ւ «դատավորը»: Կարճ ասած` ոչ թե ազատ, անկախ ու ժողովրդավարական պետության մարզպետ, այլ գրեթե արեւելյան միապետ, ում «մատի ցուցումով» են շարժվում շատ համայնքապետեր…
…Հիմա Կովալն արդեն հանգստացել է: Առնվազն մինչեւ նախագահական ընտրություններ նրան ոչ ոք չի ասի, որ աչքի վերեւն ունք կա: Չի ասի, որովհետեւ Կովալն անհրաժեշտ է նախագահական ընտրությունների ժամանակ: «Բազմափորձ» այս կադրին կորցնելով` ՀՀԿ նախագահը կարող է հերթական անգամ ձախողում արձանագրել Կոտայքում, բայց նրան պետք է հատկապես այս մարզում ստանալ 60-70 տոկոս ձայներ` ի հեճուկս իր չուզողների: Հիմա Կովալը պիտի «չուզողների աչքերը հանի»…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս