Վարդան Պետրոսյանը կարող է հուզող հարցի պատասխանը ստանալ, եթե գրավոր դիմում ներկայացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Վարդան Պետրոսյանի վերաբերյալ գործով դատաքննությունը վերսկսվել է, քանի որ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը միջնորդել էր քաղաքացիական հայց ներկայացնել: Ըստ ներկայացված հայցի` գումարային հաշվով Վարդան Պետրոսյանից պահանջվել է մոտ 12 միլիոն դրամ:

Այդ գումարի մեջ մտնում են տուժողներից Տաթևիկ Հակոբյանի՝ 2 տարվա վերականգնողական ծախսերը՝ 7 միլիոն 830 հազար դրամ, տաքսի ծառայության համար՝ 1 միլիոն 444 հազար դրամ (Տաթևիկը դեռ չի կարողանում օգտվել հասարակական տրանսպորտից), դեղահաբերի, թերապիաների, հիվանդանոցային սենյակի, փաստաբանական ծառայությունների համար: Ընդհանուր հաշվով՝ միայն Տաթևիկի համար հայցով պահանջվեց 10 միլիոն 165 հազար դրամ:

Պաշտպանական կողմը տուժողի ներկայացուցչից խնդրել էր պարզաբանել՝ 2 մլն դրամը վնասի փոխհատուցման գումարն է, թե՝ նրան վճարած ծախսերի: Ռուբեն Բալոյանը, սակայն, հրաժարվել է տալ հնչեցված հարցի պատասխանը:

Armlur.am-ի հետ զրույցում Ռ. Բալոյանը հայտնեց, թե դատարանում ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը բազմաթիվ փորձեր էր անում հարցի պատասխանը ստանալու, այդուհանդերձ, իրենք հրաժարվում են պատասխանել: Մեր հարցին` որն է պատճառը, Ռուբեն Բալոյանն ասաց. «Մենք հստակ շարադրել ենք հայցի առարկան և հիմքը, և հայցադիմումն ունի վերնագիր: Ես հայտարարեցի, որ կտանք պարզաբանումներ, բայց քանի որ նրանք յուրովի մոտեցումներ են ցուցաբերում հարցին, այդ պատճառով էլ նման հարցի պատասխան ես չեմ հնչեցնում: Թող գրավոր գրեն պատճառաբանությունը, մենք էլ գրավոր կպատասխանենք, կփորձենք մատչելի ձևով բացատրել: Կարող եք անել Ձեր մեկնաբանությունները. դա պետք է գնահատի դատարանը»:

Մեր հարցին, թե Վարդան Պետրոսյանը հայտարարեց, որ իր առջև այս պահին բոլոր դռները փակ են, չի աշխատում և ի վիճակի չէ վճարելու, հնարավո՞ր է արդյոք այս դեպքում որևէ փոխզիջում կամ հաշտության եզրեր գտնվեն կողմերի միջև, տուժող կողմի ներկայացուցիչը նկատեց, որ կոմպրոմիսների գնալու ժամանակն անցել է, և երբ ինքը հատություն էր առաջարկում, քմծիծաղի արժանացավ:

«Ինքս էլ կցանկանայի, որ այդ հաշտությունը լիներ, և այս ամեն ինչին վերջակետ դրվեր: Բայց…. Դա ինձ հետ կապ չունի: Ինձ ճիշտ հասկացե’ք: Իմ վստահորդի հետ էլ կապված չէ: Այն միայն պաշտպանական կողմի դիրքորոշման հետ է կապված: Ցանկացած մարդ պետք է ունենա հստակ դիրքորոշում, լինի իր խոսքի տերը: Շուտով կգա ժամանակը, և բոլորդ կհասկանաք` ինչ է տեղի ունեցել իրականում»,- շարունակեց Ռուբեն Բալոյանը:

Իսկ հարցին` ճիշտ է Վարդան Պետրոսյանի այն հայտարարությունը, թե դեպքից անմիջապես հետո նրա հարազատները պարբերաբար դիմել են Տաթևիկին օգնելու հարցով, սակայն մշտապես մերժում են ստացել վերջինիս հարազատներից, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ոնց են փորձել օգնել` ես դա չեմ կարողանում հասկանալ մինչև հիմա: Ինչո՞վ են փորձել օգնել, որ տուժողները չեն թողել: Որ եկել են հիվանդանոց, մի հատ ծիկ են արել ու գնացել, դա նշանակում է` եկել են, փորձել են օգնե՞լ: Սա իրականությանը չի համապատասխանում»:

Տաթև Հարությունյան




Լրահոս