ՈՒՂԵՂՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր պաշտոնավարման սկզբից եւեթ խոսում է Հայաստանում ՏՏ ոլորտի խթանման եւ զարգացման անհրաժեշտության մասին: Ամեն առիթի հայտարարում է, որ այն գերակա ուղղություն է, եւ որ դրա զարգացումը կնպաստի Հայաստանի տնտեսության առաջընթացին: Չնայած այս ամենին՝ հարկ է նշել, որ Հայաստանից տարեկան արտագաղթում է ՏՏ ոլորտի 400-500 փորձառու մասնագետ: Ոլորտի ներկայացուցիչների հավաստմամբ, սա խիստ վտանգավոր երեւույթ է, եւ հարկավոր է հրատապ քայլեր ձեռնարկել՝ ուղեղների արտահոսքի դեմն առնելու համար: Իսկ լավ մասնագետները հեռանում են ոչ միայն ֆինանսական խնդիրների պատճառով, թեեւ փաստում են, որ ՏՏ ոլորտի մասնագետը արտասահմանում շատ ավելի բարձ վարձատրության է արժանանում, քան մեր երկրում:
Գյումրիում այս առումով իրավիճակը, մեղմ ասած, հուսադրող չէ: Այստեղի լավ ներուժ ունեցող երիտասարդ կադրերը նախ հաստատվում են մայրաքաղաքում, ապա արտասահմանյան երկրներում: Գեոֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Սեւադա Հովհաննիսյանի խոսքերով՝ 5 եւ ավելի տարիների փորձառություն ունեցող իրենց գործընկեր մասնագետները հիմնականում նախընտրել են հեռանալ երկրից. «Մեր ինստիտուտը 15 տարի երիտասարդ մասնագետ է պատրաստում, բայց մեկ գիտության թեկնածուի ենք այսքան ժամանակ կարողացել պահել ինստիտուտում: Մնացած բոլոր մասնագետները բարձր աշխատավարձի համար տեղափոխվում են ուրիշ կազմակերպություններ»:
Երիտասարդ գիտաշխատողների կարծիքով՝ ոլորտում առանցքային է պետության դերը՝ որպես պատվիրատու: «Մարդիկ չեն կարողանում իրենց ամենօրյա հացը վաստակել Գյումրի քաղաքում ու նաեւ Հայաստանում: Դա է հիմնական պատճառը, որ շատ երիտասարդներ կրթությունն ավարտելուց հետո փորձում են աշխատանք գտնել կա՛մ Երեւանում, կա՛մ արտերկրում»,-ասում է Գեոֆիզիկայի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Մերի Մկրտչյանը:
Գյումրու ՏՏ կենտրոնի տնօրեն Գուրգեն Պարոնյանի կարծիքով էլ խնդրի լուծման համար շատ կարեւոր է մրցակցային, ազատ դաշտի ապահովումը. «Մասնագետն ուզում է առաջին հերթին իր համար հետաքրքիր աշխատանք, երկրորդը՝ բարձր աշխատավարձ, եւ երրորդը, որ կարողանա իր աշխատավարձը ծախսել եւ ապրել: Այդ խնդիրները կլուծվեն, էդ մարդը մեկնելու կարիք չի ունենա»:
Հայաստանում կա նաեւ մեկ այլ խնդիր՝ չեն զարգացվում կոնկրետ այն ուղղությունները, որոնց համապատասխան ներուժ եւ մասնագետներ կան: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում տարեկան պետական եւ մասնավոր բուհեր են  ավարտում  շուրջ 1500 մասնագետներ, սակայն նրանց ներուժն այդպես էլ չի օգտագործվում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս