«Քիմպրոմ» ՓԲԸ քիմիական կոմբինատի հանրակացարանի ժամանակավոր գրանցում ունեցող բնակիչներից տեղեկացանք, որ արդեն մի քանի օր է՝ մշտապես առկա հացի խնդրին ավելացել է եւս մեկը՝ ջրի խնդիրը: 1-ին հարկում տեղակայված փականը կտրել են, որի հետեւանքով հանրակացարի 4-րդ հարկի բնակիչները ջուր չունեն, օգտվում են հիմնականում 1-ին հարկի կացարանների ծորակներից: «16 տարի է՝ ապրում եմ էս հանրակացարանում: Էս տարիների ընթացքում անընդհատ պայքարել ենք ջրի համար, հատկապես 4-րդ հարկում ապրողներս: Առավոտից իրիկուն 1-ին հարկից 4-րդ հարկ ջուր ենք կրում, մեզ հաշվի առնող չկա»,-նշեց հանրակացարանի բնակչուհի Քրիստինե Սիմոնյանը: Երկար տարիներ առանց այն էլ վատթար պայմաններում ապրող բնակիչները գոնե խմելու ջուր ունենալու բնական ցանկություն ունեն: «Ջրի դարում էս ժողովրդին անջուր են թողել: Որքանով է ճիշտ, որ հղի կինը, երեխան գրկին, գնա, առաջին հարկից կամ դրսից դույլով ջուր բերի, որ խմեն»,-բողոքեց հանրակացարանի բնակչուհի Անահիտ Մարկոսյանը:
Վանաձորի քիմիական գործարանի հանրակացարանի վարիչ Ջուլիետա Ալեքյանը խնդրի վերաբերյալ ասաց. «Ես չեմ մեղադրում ժողովրդին, բայց շրջանցող ջրագիծն առանց կնիք անօրինական է, «Ջրմուղ»-ը մեզ կտուգանի: Մի քանի անգամ բնակիչները կնիքը պոկել են, այդ պատճառով էլ հիմա եկել են, ջրագծի փականը պոկել, որի արդյունքում չորրորդ հարկ ջուր չի բարձրանում»:
«Լոռիջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից էլ տեղեկացանք, որ բնակիչները իրենց եւս գրավոր դիմում են ուղարկել: Ընկերության տեխնիկական տնօրեն Գագիկ Ալոյանը տեղեկացրեց. «Խնդրի մասին տեղյակ եմ: Ընկերությունը ջուրը չի անջատել, ընդամենը պահանջել է շրջանցող ջրագիծը վերացնել: Շատ շտապ դրա լուծումը կտանք, խնդիրը կլուծվի միանշանակ»:
ԱՆՋՈՒՐ ԵՆ ԹՈՂԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ