ՏԵԽՆԻԿԱՆ ՊԱՅԹԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի Սարի թաղի բնակիչները մեծ վնաս են կրել թաղամասի հոսանքի տատանման պատճառով: «Միանգամից ամբողջ թաղամասում պայթյուններ լսեցինք, պարզվեց՝ մեկի կոմպյուտրը, մեկի դիվիդին, մեկի լվացքի մեքենան է: Մեր պահանջն այն է, որ էլեկտրացանցը փոխհատուցում տա: Կոնկրետ իմը հեռուստացույցն է՝ իմ միակ զբաղմունքը»,-նշեց Վիլյամ Սարոյան 19 հասցեի բնակիչ Մանվել Թումանյանը: Ինչպես տեղեկացրին բնակիչները, պայթյունի հետեւանքով իրենց տեխնիկան արդեն գործածելու ենթակա չէ: «Հեռուստացույց նայելու ժամանակ ձայներ լսեցինք, պարզվեց՝ մեր լվացքի մեքենայից ու դիվիդիից էր: Այս ամենը հեշտ չենք ձեռք բերել»,-ասաց Աթաբեկյան 21 տնակի բնակչուհի Վարդուշ Ավետիքյանը: Նույն թաղամասի բնակիչ Արծրուն Սարգսյանը, որի տնակի մոտով էին անցնում այդ անսարք հոսանքալարերը, ավելացրեց. «Էս բոլոր հոսանքալարերը իմ հայաթով են անցնում, որը շատ վտանգավոր է, ոչ մի տեր չկա,  մնում է, որ վարձը չմուծենք, թող գան, անջատեն, գնան»: Տեխնիկական սարքավորումներից զրկված բնակիչները խնդրի մասին հայտնել են նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին, որտեղից պատասխանել են, որ դիմումներ ներկայացնելուց հետո փոխհատուցում եւ  սարքավորումների վերանորոգում կիրականացվի:




Լրահոս