ԴԱ ԵՐԲԵՎԷ ԲԻԶՆԵՍ ՉԻ ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս շատ պատահական կերպով բացահայտվեց, որ երգչուհի ՄԱՐԻԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ մայրիկն ինչ-որ բիզնես ունի, եւ Մարիաննան էլ այդ կազմակերպության գործադիր տնօրենն է: Թե որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը, պարզեցինք անձամբ Մարիաննայից:
-Ի՞նչ բիզնես ունի Ձեր մայրը, եւ արդյոք ճիշտ են շրջանառվող լուրերը, որ Դուք եք այդ ընկերության գործադիր տնօրենը:
-Նախ ասեմ, որ մայրիկս նոր բիզնես չի սկսել, որովհետեւ դա չի կարելի բիզնես համարել: Այն, ինչ ղեկավարում է մայրս 11 տարի, մոդելային ստուդիա է: Ուղղակի նախկինում մենք չենք լուսաբանվել, բայց հիմա արդեն որոշել ենք, որ պետք է լուսաբանվի: Երբեւէ ցանկություն չենք ունեցել հրապարակելու: Ստուդիան միշտ ունեցել է իր աշակերտները, ու գովազդի կարիք չի եղել: Իսկ այդ խոսակցությունները սկսեցին այն ժամանակ, երբ վերջին ցուցադրության առիթով ես հրավիրեցի լրատվամիջոցների, որ տեսնեն, թե ինչ լավ երեխաներ կան մեր երկրում: Փաստորեն, այդ ամենը խոսակցությունների առիթ է դարձել:
Այդ ստուդիայի հիմնադիրները մայրիկս ու մորաքույրս են: Սկզբում ստուդիան գործել է Իտալիայում, հետո մորաքույրս վերադարձավ, ու Հայաստանում մայրիկիս հետ համատեղ բացեցին: Արդեն երկար տարիներ է՝ հաջող գործունեություն են ծավալում, մասնակցում են միջազգային մրցույթների, կազմակերպում են համերգներ ոչ միայն պատկերասրահներում, այլեւ թատրոնների բեմերում: Ասեմ ավելին, դա երբեւէ եկամտի աղբյուր չի հանդիսացել ո՛չ մորս, ո՛չ էլ մեր ընտանիքի համար: Չեմ կարծում, որ նման բիզնեսով Հայաստանի պայմաններում հնարավոր կլիներ ընտանիք պահել, սա Միլանը չէ:  Ինչ վերաբերում է մոդելային ինդուստրիային, չեմ կարծում, որ մարդիկ պատրաստ են մեծ թվեր տալ մոդելներին:
-Ի՞նչ նպատակ ունի այդ մոդելային գործակալությունը:
-Մեր սաները` հիմնականում մինչեւ 16-17 տարեկան, սովորում են թե՛ պարարվեստ, թե՛ մոդելային գործ, թե՛ իտալերեն, դիզայն ու նաեւ նկարել: Հագուստներ կան, որ հենց երեխաներն են մի քանի տարի հետո ինքնուրույն պատրաստում: Իսկ ընդհանրապես ներկայացնում են մեր դիզայներների կարած հագուստները տարբեր ցուցադրությունների ժամանակ: Կարելի է ասել՝ ինչ-որ չափով նաեւ մոդելներ ենք պատրաստում: Մի քանի տարի սովորել ու ավարտելուց հետո էլ սերտիֆիկատ են ստանում:
-Նշեցիք, որ ստուդիան ղեկավարում են Ձեր մայրն ու մորաքույրը, բայց նախորդ հարցին, թե արդյոք Դուք եք գործադիր տնօրենը, այդպես էլ չպատասխանեցիք:
-Մենք, իհարկե, մամայի հետ խորհրդակցում ենք մեր ծրագրերի վերաբերյալ ու օգնում իրար, բայց գործադիր տնօրենի կամ այլ պաշտոն ես չեմ զբաղեցնում: Բնական է, որ այս 11 տարիների ընթացքում ինչ-որ չափով ես էլ իմ լուման եմ ունեցել այս գործի մեջ` զբաղվել եմ երաժշտական ձեւավորմամբ, ու երեխաները շատ հաճախ ցուցադրություններ արել են հենց իմ ընտրած երաժշտության ներքո, բայց ավելին չի եղել: Իմ ժամանակը շատ սուղ է, ես ժամանակ չունեմ, որ զբաղվեմ նման գործով:
-Հնարավո՞ր է, որ Դուք էլ մի օր ցանկություն հայտնեք սեփական բիզնես ունենալ:
-Կա այդ ցանկությունը, ու ես այն ի կատար եմ ածելու մոտակա տարիների ընթացքում: Դեռ չեմ կարող ասել, թե որ ոլորտում կլինի իմ բիզնեսը: Չեմ սիրում նախօրոք պլանավորել:  
-Հիմա մի քանի հարց` կապված Ձեր աշխատանքի հետ. այնպիսի տպավորություն է, որ վերջերս մի տեսակ աշխատանքային դադարի մեջ եք:
-Դադարի մեջ եմ զուտ վիզուալ, որովհետեւ իրականում ես շատ եմ աշխատում, ու դրա արդյունքը հունիս կամ հուլիս ամսվա մեջ արդեն կլինի իմ նոր տեսահոլովակի ձեւով, նաեւ ձայնագրում եմ շատ այլ երգեր:
-Քանի որ նշանված եք, դադարը պատճառաբանվում էր նրանով, որ Ձեր նշանածը թույլ չի տալիս երգել:
-Նա ոչ միայն չի արգելում, այլեւ քաջալերում է ինձ ու գնահատում իմ աշխատանքը, շատ-շատ հարցերում էլ նա է աջակցում ինձ:
-Ենթադրում եմ, որ երգչուհու Ձեր կարիերան չի դադարի նաեւ ամուսնությունից հետո:
-Երբեւէ չի դադարելու, գուցե ինչ-ինչ փոփոխություններ տեղի ունենան, բայց դադարի մասին վաղ է խոսելը: Ու այն մարդիկ, որոնք խոսում են, որ ես այլեւս չեմ երգելու, թող չուրախանան:
-Հարսանիքը ե՞րբ է լինելու:
-Ամռանը, բայց թե որ ամսին ու որ օրը, չեմ մանրամասնի:
-Շքե՞ղ հարսանիք եք նախատեսում, թե՞ համեստ:
-Բավականին մեծ է լինելու, եւ այդ կազմակերպչական հարցերով զբաղվում են կոնկրետ մարդիկ իմ ու նշանածիս ցանկությամբ: Գործակալության չենք դիմել, այլ տարբեր պրոֆեսիոնալ մարդկանց:
-Արդեն սկսե՞լ եք նախապատրաստվել:
-Վաղուց ենք սկսել պատրաստվել, մի 6 ամիս կլինի:
-Այդ ի՞նչ եք անում, որ այդքան երկար ժամանակ է պահանջվում:
-Դե մեծ մասշտաբները պահանջում են մեծ պատրաստություններ:
-Իսկ ամենակարեւորի` հարսի զգեստի հարցը լուծվա՞ծ է:
-Իհարկե, ես այն արդեն գնել եմ, բայց ոչ Հայաստանից:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս