Արցախում էլ խուճապ կա, բայց մասշտաբները փոքր են. ԼՂՀ վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանին՝ պարզելու համար, թե Արցախում ինչ իրավիճակ է տիրում դրամ-դոլար փոխարժեքի տատանումների հետ կապված:

-Պարո՛ն վարչապետ, Հայաստանում խուճապային իրավիճակ է ստեղծվել դրամ-դոլար փոխարժեքի տատանումների պատճառով: Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ իրավիճակ է Արցախում:

-Արցախում նույն չափի խուճապ գոյություն չունի, քանի որ այստեղ մասշտաբները փոքր են, իսկ ընդհանուր առմամբ, փոխարժեքի եւ գնաճի մասով նույն պատկերն է, քանի որ Արցախն առանձին դրամավարկային քաղաքականություն չունի, եւ ապրանքների գներն էլ կախված են ՀՀ-ում գործող գներից:

-Արդյո՞ք այս տատանումները լուրջ ազդեցություն են ունեցել նաեւ Արցախի տնտեսության վրա:

-Իհարկե, ազդեցություն ունի, սակայն մի քանի օրվա տատանումների արդյունքում դժվար է խոսել լուրջ ազդեցության մասին: Այժմ հետազոտություններ են կատարվում հետեւանքները գնահատելու եւ համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ:

Այդ դեպքում ի՞նչ է անում ԼՂՀ Կառավարությունը, որպեսզի իրավիճակը կարգավորվի:

-ԼՂՀ Կառավարությունը գործիքներ չունի դրամի կայունացման համար, սակայն աշխատանքներ են տարվում տատանումների հետեւանքով տնտեսությունում տեղի ունեցող զարգացումները բանական սահմաններում պահելու ուղղությամբ: Համոզված եմ՝ մոտակա օրերին կայունացում տեղի կունենա, եւ տնտեսությունը կկարգավորվի թե՛ շուկայի կանոնների, թե՛ Կառավարության գործիքների միջոցով:

-Այս տարի Արցախը կունենա՞ տնտեսական աճ, թե՞ այս իրավիճակում աճ գրանցելն անհնար է:

-Այժմ անորոշությունները շատ են՝ պայմանավորված գլոբալ եւ տարածաշրջանային զարգացումներով, սակայն, կարծում եմ, դրանք կարճաժամկետ միտումներ են, եւ շուտով ֆինանսական շուկայում կայունացում տեղի կունենա՝ դրականորեն անդրադառնալով ԼՂՀ տնտեսության աճի ապահովման վրա: Իսկ նոր ռիսկերի ի հայտ գալու դեպքում Կառավարությունը պատրաստ է իր մարտավարությունը համապատասխանեցնել դրանց, իսկ թե երբ եւ ինչպես, ժամանակը ցույց կտա:

-Ըստ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ սպեկուլյատները փորձում են իրավիճակից օգտվել այս ժամանակահատվածում: Արդյո՞ք նույն բանը ԼՂՀ-ում է կատարվում:

-Ինչպես նշեցի՝ մասշտաբները փոքր են Արցախում, հետեւաբար, եթե նույնիսկ սպեկուլյանտության դեպքեր են գրանցվել, ապա նվազ ծավալի ու քանակի: Այնուամենայնիվ, ՀՀ Կենտրոնական բանկի քաղաքականության շնորհիվ հնարավորինս բացառվում են այդպիսի դեպքերը նաեւ ԼՂՀ-ում:

-Խնդրում եմ՝ նշեք այն «դեղամիջոցը», որով Արցախի Կառավարությունը «բուժելու» է ԼՂՀ տնտեսությունն այս ժամանակահատվածում:

-Քանի դեռ ֆինանսական շուկան չի կայունացել, եւ խնդիրներն ու հետեւանքներն էլ հավուր պատշաճի գնահատված չեն, հնարավոր չէ կոնկրետ դեղամիջոց մատնանշել: Այնուամենայնիվ, Կառավարությունը պատրաստ է լրացուցիչ գործիքներ կիրառել, այդ թվում՝ սուբսիդիաներ անհրաժեշտ ոլորտներում: Օրինակ՝ նույնիսկ նախքան վերջին տատանումները, Կառավարությունը սուբսիդավորում էր դոլարային հիփոթեքային վարկերի՝ փոխարժեքի տատանումների պատճառով գրանցված տարբերությունները:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս