ՀԱԷԿ-ում կալանավորվածները Սերժ Սարգսյանի խորհրդականի մտերիմներն են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ դեկտեմբերի սկզբին աշխատանքից ազատվել է Հայաստանի ատոմային էլեկտրական կայանի (ՀԱԷԿ) գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը: Պաշտոնապես նա աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: ՀԱԷԿ գլխավոր տնօրենի պարտականությունները դրվել են փոխտնօրեն Մովսես Վարդանյանի վրա: Ի դեպ, ՀԱԷԿ գլխավոր տնօրենի ազատման եւ պաշտոնակատարի մասին ՀԱԷԿ ղեկավար կազմին դեկտեմբերի 1-ին տեղեկացրել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը:

Մարկոսյանի ազատման մասին լուրի հետ միաժամանակ տեղեկություն ստացվեց այն մասին, որ կալանավորվել է ՀԱԷԿ նախկին կոմերցիոն փոխտնօրեն Ռուբիկ Մովսիսյանը` ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում: ՀՀ ԱԱԾ-ն մատնանշելով նախաքննության գաղտնիքը՝ որեւէ տեղեկություն չի տրամադրում, թե այդ ի՞նչ քրեական գործ է, ի՞նչ չարաշահումների մասին է խոսքը, ե՞րբ է այն հարուցվել, էլ ովքե՞ր են այդ գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ անցնում եւ այսպես շարունակ:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նույն քրեական գործի շրջանակներում կա եւս մեկ կալանավորված անձ` Մանուկ Հարությունյանը, որին ՀԱԷԿ-ից ազատել են ամռանը, Ռուբիկ Մովսիսյանի հետ գրեթե միաժամանակ: Նա ՀԱԷԿ-ում զբաղեցրել է վերանորոգման գծով գլխավոր ինժեների տեղակալի պաշտոնը: Դեկտեմբերի 1-ից իր պաշտոնից ազատվել է ՀԱԷԿ ֆինանսների գծով փոխտնօրենը՝ Մովսես Մովսիսյանը: Մոտ մեկ ամիս առաջ` նոյեմբերի սկզբին, անաղմուկ աշխատանքից ազատվեց ՀԱԷԿ ֆիզիկական պաշտպանության գծով փոխտնօրենը` Արամ Մելիքջանյանը: Նշենք, որ այս պաշտոնում նշանակումը կատարում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը: Արամ Մելիքջանյանը ԱԱԾ փոխգնդապետ է եղել եւ մեր տեղեկություններով՝ նա միայն ազատմամբ չի պատժվել, լուրեր կան, որ կոչումը իջեցվել է:

«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ քրեական գործը հարուցվել է այս տարվա առաջին կեսին ՀԱԷԿ-ում անցկացված ստուգումների արդյունքում: Բանն այն է, որ ՀՀ Կառավարության՝ այս տարվա դեռեւս մարտի 27-ի նիստում հաստատվեց ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը եւս տասը տարով` մինչեւ 2026 թվականը երկարացնելու մասին ծրագիրը: Այս նպատակով նախատեսվում էր ծախսել 300 միլիոն դոլար վարկային միջոցներ: Ներկայիս վիճակով ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը լրանում է 2016 թվականին: Այդ ծրագրի առաջին փուլով, որը կավարտվի մինչեւ այս տարվա վերջը, պետք է մանրակրկիտ գնահատվի ՀԱԷԿ-ի ներկայիս վիճակը, այդ թվում նաեւ՝ ֆինանսատնտեսական տեսանկյունից: Հենց այս աուդիտն էլ ճակատագրական է դարձել ՀԱԷԿ-ի կոմերցիոն փոխտնօրեն Ռուբիկ Մովսիսյանի եւ գլխավոր ինժեների վերանորոգման գծով տեղակալ Մանուկ Հարությունյանի համար:

Ստուգումների արդյունքները ցույց են տվել, որ ՀԱԷԿ-ից տարիներ շարունակ անընդհատ տասնյակ միլիոնավոր դրամներ են հոսել դուրս, ասենք՝ գնումներ կատարելու կամ նորոգման աշխատանքներ կատարելու դիմաց վճարումների տեսքով: Որոշ տեղեկությունների համաձայն՝ այս տարի բացահայտված սխեման գործել է դեռեւս 2007 թվականից, այսինքն՝ յոթ տարի շարունակ ՀԱԷԿ-ից առավել քան խոշոր չափերի գումարներ են դուրս բերվել:

Ավելին՝ մեր տեղեկություններով՝ բոլոր այն փաստաթղթերը, որոնցով այդ գումարները դուրս են գնացել, հաստատված են ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանի ստորագրությամբ: Իսկ, ասենք, Ռուբիկ Մովսիսյանի ստորագրությունն այդ փաստաթղթերի վրա չկա, բայց «գործի գլուխը» եղել է նա: Տվյալ դեպքում ավելի ճիշտ կլինի ասել, որ Գագիկ Մարկոսյանը Ռուբիկ Մովսիսյանի մոտ տնօրեն է աշխատել:

Ամեն դեպքում, նա ԱԱԾ-ին վստահեցրել է, որ չարաշահումներից եւ «ատկատներից» ոչ մի տեղեկություն չի ունեցել: Հաշվի առնելով այն փաստը, որ նրան դեռեւս մեղադրանք չի առաջադրվել, եւ նա կալանավորված չէ, ենթադրվում է, որ իր անմեղության մասին պնդումներն ԱԱԾ քննիչների համար համոզիչ են եղել:
Այս գործով ամենաառանցքային հարցն այն է, թե ինչպես է հնարավոր եղել տարիներ շարունակ ՀԱԷԿ-ից «փող քաշել», բայց այդ մասին ոչ ոք չի իմացել: Ըստ լուրերի՝ Ռուբիկ Մովսիսյանը ՀԱԷԿ-ի փոխտնօրենի պաշտոնում ժամանակին նշանակվել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար, այժմ Սերժ Սարգսյանի խորհրդական Արմեն Մովսիսյանի անմիջական հովանավորությամբ: Ավելին՝ փոխտնօրեն Մովսիսյանը համարվել է նախարար Մովսիսյանի հավատարիմ մարդը ՀԱԷԿ-ում:

Ի դեպ, այս տարվա դեռեւս հոկտեմբերի կեսերին լուրեր տարածվեցին, որ նախկին նախարար Արմեն Մովսիսյանը կարող է կալանավորվել: Մեր տեղեկություններով՝ այդ լուրերը եւս այս գործի հետ են կապվում: Պարզապես Արմեն Մովսիսյանի հետագա ճակատագրի հարցով քաղաքական որոշումը դեռ չի կայացվել: Ու եթե անգամ որոշվի Արմեն Մովսիսյանին չկալանավորել, նա դատապարտվելու հեռանկարից փրկվի էլ, ապա միեւնույն է՝ «կուլակաթափ» կարվի: Այս հարցում կասկած չկա:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս