Հայկական հողերում «ադրբեջանցի ոչխարներ» են արածում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի եւ Վրաստանի միջեւ սահմանազատումը դեռ չի ավարտվել, ու դրա հետեւանքով Տավուշի մարզի Դեղձավան գյուղի տարածքից 50 հա գտնվում է հայ սահմանապահների կողմից 2007թ.անցկացված փշալարից այն կողմ:

Դեղձավան համայնքի ղեկավար Յուրա Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ 50 հեկտարից 5-ը դեղձավանցիներին սեփականաշնորհված հող է, 5 հա-ն՝ համայնքի պահուստային վարելահող, 40 հա-ն՝ արոտավայր: Դեղձավանի գյուղապետի խոսքերով՝ Վրաստանի ադրբեջանական գյուղերի բնակիչներն իրենց անասուններն արածեցնում են այդ արոտավայրերում: Այսինքն՝ հայկական հողերում «ադրբեջանցի ոչխարներ» են արածում:

Իսկ այդ ընթացքում վրացական կողմը վիճարկում է նաեւ Դեբեդավան գյուղին պատկանող, Դեբեդի աջ ափին գտնվող 8-10 հա-ի պատկանելությունը: Դեբեդավանի գյուղապետ Վանյա Դամիրչյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ վիճարկվող տարածքի մի փոքր մասն է ընդամենը վարելահող, մնացածն արոտավայր է: Նա հիշեցրեց, որ 2008թ. գարնանը վարարած Դեբեդն իրենց գյուղի տարածքից քշել-տարել է 2.8 հա հող, որից 7.000 քառակուսի մետրը դեղձի այգի էր: Դրանից հետո Դեբեդավան են եկել Տավուշի մարզպետարանի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ, որոնք ծանոթացել են խնդրին: Դամիրչյանն ասաց նաեւ, որ ինքն այդ կապակցությամբ դիմել է ՀՀ տարածքային կառավարման նախարարություն: Սակայն մինչ օրս գործով որեւէ տեղաշարժ չի եղել:

Նրա խոսքերով՝ ամեն տարի վարարած Դեբեդը քշում-տանում է որոշ տարածք: Վերջին մի քանի տարում հայկական տարածքում Դեբեդի ափը պաշտպանելու համար կառուցապատումներ չեն արվել: Մինչդեռ վրացիները Դեբեդի ձախ ափը պաշտպանելու համար որոշ հատվածներում կառուցապատում արել են: Դամիրչյանի վկայութամբ՝ Դեբեդի վարարումներից հայկական ափն է տուժում, քանի որ այն դիրքով ավելի ցածր է, քան վրացական կողմինը: Սակայն Հայաստանում էլ բարձրագույն իշխանությունները, ինչպես երեւում է, առանձնապես մտահոգված չեն խնդրով: Միայն խոսում են սահմանամերձ գյուղերից, բարձրագոչ հայտարարություններ անում: Իսկ իրականում մեր հարեւան Վրաստանն էլ է կամաց-կամաց «կսմիթներով» տանում հայկական հողերը դեպի վրացական տարածք:

Ոսկան Սարգսյան




Լրահոս