Սամվել Բալասանյանը` դեպրեսիայի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր տարեվերջյան ասուլիսին լրագրողների առջեւ անկեղծացավ՝ խոսելով արված եւ չարված գործերից: Անդրադառնալով Գյումրի քաղաքի երկորդական փողոցների թերի ասֆալտապատմանը՝ քաղաքապետը հիշեցրեց, որ դեռեւս սույն թվականի սեպտեմբերի 30-ին Գյումրու 6 փողոցների ասֆալտապատման համար ավագանին ՀՀ Կառավարությանն ուղերձ էր ուղղել՝ պահուստային ֆոնդից 1մլրդ 281մլն դրամ հատկացնելու համար, ինչը, սակայն, Կառավարությունն օրեր առաջ մերժեց:

Քաղաքապետը, սակայն, չի հուսահատվում: Ասաց, որ եկող տարի առկա խնդիրը համայնքը կվերցի իր վրա՝ չմոռանալով շեշտել, որ այս տարի լուրջ խնայողությունների հաշվին 2014-ի բյուջեն 90 տոկոս ի կատար է ածվել:

Խոսելով ջրաշինական ընկերությունների եւ քաղաքի քանդված փողոցների մասին՝ քաղաքապետը խոստովանեց, որ չնայած ջրաշինական ընկերությունների հետ աշխատանքը համակարգված չէր, այնուամենայնիվ իրենք մեծ առաջընթաց գրանցեցին՝ քաղաքը շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովելով, որը Գյումրու համար երազանք էր դեռ քաղաքապետի մանկության տարիներին: Քաղաքի փողոցների ցեխն էլ, ըստ Ս. Բալասանյանի՝ ջրամատակարարման արդյունք է:

Լրագրողների այն հարցին, թե ինչ սկզբունքով եւ երբ է բաժանվելու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Գյումրուն նվիրաբերած 45մլն դրամը, ԲՀԿ անդամ քաղաքապետն ասաց. «Գագիկ Ծառուկյանն իմ լավ ընկերն է, բարեկամն ու թիմակիցը: Նրա այցը Գյումրի ապաքաղաքականացված էր, սա նրա հերթական օգնությունն էր աղետի գոտու մեր ազգաբնակչությանը: Մեր ամենածանր խավը տնակների բնակիչներն են, գումարը մի քանի օրից հենց նրանց էլ բաժանվելու է: Ներկա կլինեն Ծառուկյանի ներկայացուցիչները նույնպես: Ի դեպ, այս տարի լրագրողները նույնպես կմասնակցեն ոչ միայն որպես լուսաբանող, այլեւ կարող են մարդկանց ցուցակ բերել, որոնց նույնպես կարող ենք գումար տրամադրել»:

Մեր այն հարցին, թե արդյոք միայն տնակների բնակիչներն են այսօր անապահով, քաղաքապետը պատասխանեց. «Իրականում անհասկանալի պատճառներով շատերը դուրս են մնացել հաշվառումից, եւ անապահով ընտանիքները մեծ թիվ են կազմում հանրակացարաններում, Բուլվարային եւ Գ. Նժդեհ թաղամասերում եւս: Լինում են դեպքեր, երբ մարդը տնակում չի բնակվում, բայց գալիս-բացում է տնակը, որպեսզի օգնություն ստանա: Այս անգամ ստուգվելու է յուրաքանչյուր կացարանի էլեկտրաէներգիայի եւ մյուս կոմունալ վճարումները: Հավատացնում եմ, որ գումարը բաժանվելու է ամենաարդարացի ձեւով: Իսկ տնակներն ինձ մոտ միշտ այլ զգացողություն են թողնում, ես, որ մի դոմիկ եմ մտնում, դեպրեսիայի մեջ եմ ընկնում»,-եզրափակեց Գյումրիի առաջնորդը:

Ի դեպ, քաղաքապետն իր ելույթում նշեց նաեւ, որ եկող տարի անձամբ դիմելու է Կառավարություն, որպեսզի 443 անօթեւաններին բնակարանով ապահովելուց հետո մյուսներին նույնպես ապահովեն:

Արեւիկ Հակոբյան
Գյումրի




Լրահոս