Այսօր վաղուց արդեն անցյալում են այն ժամանակները, երբ քաղաքական ինտելեկտուալ միտքը նախասահմանում էր երկրի ինչպես գաղափարական կողմնորոշումները, այնպես էլ՝ հոգեւոր աճի աստիճանը: Ու թերեւս նաեւ այս տեւական նահանջն է պատճառը, որ այսօր մեզ անկեղծ զարմանք են պատճառում այն դեպքերը, երբ որեւէ քաղաքական կամ պետական գործիչ հանկարծ գրիչ է վերցնում, շարադրում է իր մտքերն ու դա հանձնում ընթերցողի դատին: Հայտնի է, որ պետական, ռազմական գործիչ Գարեգին Նժդեհը ժամանակին աշխատություններն էր գրում, իսկ, օրինակ, քաղաքական, հասարակական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանն էլ գրականագիտական ու փիլիսոփայական հոդվածներ ուներ:
Ավելի ուշ շրջանի մեր քաղաքական գործիչները եւս զերծ չեն մնացել իրենց գրական ժառանգությունը թողնելուց: Տարբեր ժամանակներում գրքերի հեղինակ են դարձել Լեւոն Տեր-Պետրոսյանը, Հրանտ Բագրատյանը, Արմեն Դարբինյանը, Վահան Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը, Արտաշես Գեղամյանը, Վարդան Օսկանյանը, Վահե Հովհաննիսյանը, Աղվան Վարդանյանը եւ այլք, ընդ որում, նրանց մի մասը միայն քաղաքական, տնտեսական, հասարակական թեմաներ չէ, որ շոշափել է. ոմանք ստեղծել են նաեւ գեղարվեստական գրականության գործեր՝ բանաստեղծություններ, վեպեր, վիպակներ եւ այլն:
Իսկ քաղաքական գործիչներից ո՞ւմ եւ ո՞ր գրքերն են ներկայացված գրախանութներում, դրանցից որո՞նք են իրար հետ համեմատած ամենասպառվողները եւ որո՞նք են հայ ընթերցողների շրջանում կորցրել իրենց հանդեպ հետաքրքրությունները:
«Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերը ստանալու նպատակով փոքրիկ մոնիտորինգ է անցկացրել երեւանյան «Գրքերի աշխարհ», «Հայ Գիրք» գրախանութների ցանցերի եւ «Նոյան տապան», «Բյուրոկրատ» գրախանութների շրջանում: Պարզվում է՝ դրանցում ներկայացված քաղաքական գործիչների գրքերից վերջին տարիներին ամենաքիչ սպառվողները ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «Խաչակիրները եւ հայերը» եւ «Ընտրանի» գործերն են: Քիչ չեն նաեւ այնպիսի հեղինակները, որոնց գործերը չսպառվելու պատճառով այլեւս չեն ներկայացվում գրախանութներում: «Բուկինիստ» գրախանութից, օրինակ, հայտնեցին, որ նորանկախ ՀՀ առաջին վարչապետ, հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի «Գնացքից թռչելու ժամանակը» որքան էլ էժանացրել են, միեւնույնն է՝ քիչ է սպառվել:
Տվյալ գրախանութներում քաղաքական գործիչների գրքերի շրջանում միջին պահանջարկ ունեցող գործը ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանի «Ելք երկրից» բանաստեղծությունների ժողովածուն է:
Իսկ ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի հեղինակած «Անավարտ տասնամյակ», «Անկախության ճանապարհով» գրքերը, պարզվում է՝ այսօր բավական պահանջված են մեր գրախանութներում, համեմատաբար ավելի շատ՝ «Անկախության ճանապարհով» գիրքը:
Եվ վերջապես, մեր հարցումների ընթացքում պարզ դարձավ, որ ամենասպառվողը, վաճառվողն ու ընթերցվողը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» արկածային-դետեկտիվ վեպն է, ընդ որում, հավասարապես սպառվում են դրա թե՛ հայերեն, թե՛ ռուսերեն տարբերակները:
Նշենք, որ «Մանդիլիոն» վեպի գործողություններն ընդգրկում են տարբեր դարաշրջաններ՝ պատմական լայն համապատկերով, հայ ժողովրդի ու Արեւելյան Միջագետքի պատմության փուլերը՝ համադրելով քրիստոնեության պատմության ու այդ տարածքում քրիստոնյա ժողովուրդների անկախության ու գոյության պայքարի դրվագներին, զարգանում են իբրեւ ֆոն՝ մեր ժամանակակիցների դարավոր առեղծվածի որոնման վտանգավոր եւ արկածալի գործողությունների համար:
Հարկ է նշել, որ մի քանի գրախանութներում իր բարձր վարկանիշը պահպանել է նաեւ ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, Աժ նախկին պատգամավոր, արձակագիր Վանո Սիրադեղյանի «Գյադաների ժամանակը» գիրքը:
Ասում են՝ քաղաքական գրականությունը շուտ ծերանալու հատկություն ունի, քանի որ փոխվում են ժամանակները, իրադարձությունները, մարդիկ. «Ցավոք, բոլորը գրողներ են դարձել, այնինչ՝ կարդացողներն են պակասել: Ես մի անգամ ժողովածու հավաքեցի, տպեցի, մի ժամանակ սպառվեցին… Իսկ հետո, հատկապես հոդվածները, դառնում են պատմական հետաքրքրության առարկա, քանի որ կյանքն առաջ է գնում»,-մեզ հետ զրուցում նկատեց Վազգեն Մանուկյանը:
Իսկ Աղվան Վարդանյանը, ով հայտնի է նաեւ իր գեղարվեստական ստեղծագործություններով, մեր այն հարցին, թե ինքն իրեն ավելի շատ քաղաքական գործիչ է համարում, թե գրող, պատասխանեց. «Ե՛վ մեկը, ե՛ւ մյուսը. ինձ համար չկա առաջին կամ երկրորդ…»:
Աննա Բաբաջանյան