ՍՆՈՒՆԴԻ ՎՐԱ ՓՈԽՈՒՄ ԵՆ ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին ժամանակները ժամկետանց սննդամթերքի խնդիրը կրկին դարձել է ամենաքննարկվող թեմաներից մեկը: Այսօր գրեթե  անհնար է գտնել այնպիսի մի խանութ, որտեղ չի վաճառվում ժամկետանց սննդամթերք: Երեւան քաղաքում անցկացրած հարցումներից  պարզ դարձավ, որ յուրաքանչյուր 10 քաղաքացուց  9-ը գնել է ժամկետանց  կամ  փչացած սննդամթերք: Քաղաքացիների հիմնական բողոքները կապված են կաթնամթերքի, հացի եւ պահածոյացված  սննդամթերքի հետ: Իսկ ահա 44-ամյա Մարինե Առաքելյանը, վերջերս Աթոյան փողոցի վրա գտնվող`  «Աբա» խանութից  գնել էր կոնֆետներ, որոնք  ինչպես հետագայում պարզել է, հին էին. «Կոնֆետներն այնքան էին չորացել, որ ինքն-իրեն փշրվում էին, բացի դա շոկոլադը ցեցոտել եւ սպիտակել էր» – ասաց Մարինե Առաքելյանը: Առավել շատ սպառվող սննդամթերքի`  հացի վրա կամ վաճառքի բաժիններում հիմնականում բացակայում է տեղեկատվություն` բաղադրության, արտադրողի եւ արտադրման  ժամկետի մասին, իսկ ահա աղցանները  վաճառվում են առանց պահպանման, պատրաստման եւ բաղադրության մասին  տեղեկատվության: Նշենք, որ ըստ  «Սպառողների  իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի իններորդ հոդվածի`  սպառողն իրավունք ունի  պահանջել արտադրողի, վաճառողի եւ իրացվող ապրանքների վերաբերյալ անհրաժեշտ ու ստույգ տեղեկություններ, իսկ մատակարարը պարտավոր է ներկայացնել  պահանջվող տեղեկությունը հայերենով: Բայց մեր օրերում ո՞վ է կիրառում  այս նորմը: Ներկրվող ապրանքների վրա ոչ ճիշտ  թարգմանված հայերեն տեքստ է փակցված: Թարգմանության մեջ հաճախ այնպիսի բաղադրիչների մասին է նշվում, որոնք իրականում բացակայում են տվյալ սննդամթերքի բաղադրությունից, կամ հակառակը, չեն նշվում այն բաղադրիչները, որոնք առկա են:  Թեեւ վերը նշված օրենքի 8-րդ հոդվածի  2-րդ կետի համաձայն` արտադրողը պարտավոր է ապահովել ապրանքի անվտանգությունը  պիտանելիության ժամկետի ընթացքում, բայց հայտնի է, որ շատ հաճախ  սպառողը գնում է սննդամթերք, որի պիտանելիության ժամկետը դեռ չի սպառվել, սակայն նրա որակական հատկանիշները չեն համապատասխանում սահմանված չափանիշներին: Այս երեւույթի հիմնական պատճառը արտադրողի կամ վաճառողի մեքենայություններն են: Ըստ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի,  վերջիններս ժամկետի սահմանին  մոտ կամ ժամկետի լրանալուց հետո իրական ժամկետի վրա մի նոր պիտակ են փակցնում եւ այդպես հրամցնում սպառողին:Իսկ թե ինչ հետեւանք կունենա ժամկետանց եւ փչացած սննդամթերքը սպառողների առողջական վիճակի վրա,  արտադրողին կամ վաճառողին այնքան էլ չի հետաքրքրում:Դրա համար էլ ՀՀ կառավարությունը անուշադիր  վաճառողների եւ անբարեխիղճ արտադրողների  գործողությունները կասեցնելու նպատակով, 20.01.11 ընդունել է Սննդամթերքի հիգիենային ներկայացվող  պահանջների տեխնիկական կանոնակարգը որի միջոցով հնարավոր կլինի ապահովել սննդամթերքի անվտանգությունը:Իսկ թե որքանո՞վ  կարդարացնի իր գործունեությունը այս կառույցը, ցույց կտա ժամանակը: Սակայն հստակ, վստահ կարելի է ասել, որ նմանատիպ շատ  կազմակերպություններ իրենց գործունեությունը սկսել են տարիներ առաջ, բայց իրավիճակը որեւէ կերպ չի շտկվել: Այնպես որ, ՀՀ քաղաքացիներին մնում է գնումներ կատարելիս լինել առավել ուշադիր, ստուգել սննդամթերքի պիտանելիության ժամկետը  եւ որեւէ խախտում նկատելու դեպքում` բարձրաձայնել ու սթափեցնել «անուշադիր» վաճառողներին: Այլ ելք չկա: ԱՆՆԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ԵՊՄՀ ուսանողուհի




Լրահոս