ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ԱԺ փակ նիստը արդյունավետ էր, քանի որ այդ կերպ պատգամավորներն առանց տեսախցիկի կարողացան ավելի ռեալ գնահատել իրավիճակը, իսկ արդյունքը հասարակությունն արդեն զգում է:
-Պարո՛ն Շարմազանով, մի քանի ժամ տեւած դռնփակ արտահերթ նիստից հետո, կարելի է ասել՝ որեւէ պարզաբանում այդպես էլ չներկայացվեց, թե իրականում ի՞նչ հարցեր են ուղղվել ՀՀ Կառավարության ներկայացուցիչներին, ու ի՞նչ պատասխաններ են ստացել: Ի վերջո, համատեղ ի՞նչ գործիքներ են մշակվել դրամ-դոլար փոխարժեքի տատանումների հետ կապված, ի՞նչ արդյունք ունենք այդ քննարկումներից հետո:
-Արդյունքը նախ եղավ այն, որ խուճապային տրամադրությունը որ կար մինչեւ նիստը, այսօր չկա, այն հարցերի պատասխանները, որը չունեին պատգամավորները, ստացան: Ընդդիմություն թե իշխանություն, բոլորի կարծիքն այն էր, որ դրամը երեկվա դրությամբ գերարժեզրկված է, եւ պետք է լինի դրամի արժեւորում, խուճապային իրավիճակն այլեւս պետք է դադարի, իսկ իշխանությունն էլ պետք է ամեն ինչ անի, որպեսզի այդ սպեկուլյատիվ միջոցառումները չիրականանան: Ես չեմ ասում, որ խորհրդարանի արտահերթ նիստից հետո դոլարն իջավ, այլ ընդամենը ցանկանում եմ նշել, որ փակ նիստը հնարավորություն տվեց հարցերին կոնկրետ պատասխանել: Նիստի ընթացքում ոչ մի պոպուլիստական հայտարարություն չի եղել, ոչ մի կռիվ, բոլորս իրար հասկացել ենք, բոլորս հանգիստ, բոլորս սրտացավ քննարկել ենք:
-Եթե պետական գաղտնիք չէիք քննարկում, ՀՀԿ-ն ինչո՞ւ չհամաձայնեց դռնբաց անցկացնել նիստը:
-Ես էի հեղինակը, որ հայտարարեցի, թե պետք է նիստը լինի փակ, ու ինձ նիստից հետո մոտեցել են տարբեր ֆրակցիաներից՝ ԲՀԿ-ից, ՀՅԴ-ից, «Ժառանգություն»-ից պատգամավորներ, որոնք ասել են, թե շատ ճիշտ գաղափար էր, որ նիստը փակ եղավ, որովհետեւ իրականում իրավիճակը պատկերացրեցինք: Պատգամավորներն էլ էին իրենց կարծիքն արտահայտում, ուղղումներ էին իրար անում, ու այդ ժամանակ բոլորս էլ հասկացանք, որ սրտացավ ենք, բոլորս էլ մտահոգված ենք իրավիճակով, ու շատ կարեւեոր էր այդ օպերատիվ նիստի հրավիրումը: Ու այն իրավիճակը, որ մեր հասարակության մոտ կար, թե ախպեր ջան այս իշխանությունները… ի՞նչ է կատարվում եւ այլն, տեսան, որ օրենսդիր մարմինն իր տեղում իր գործն արեց, Կառավարությունն իր տեղում խորհրդակցություն հրավիրեց, տեսաք, որ երեկոյան էլ նախագահի մոտ է եղել խորհրդակցություն, ու մենք արդեն տեսնում ենք, որ այդ սպեկուլյատիվ երեւույթները, որոնք որ կան, գնալով չեզոքանում են, որովհետեւ այն խնդիրը, որ կա, ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ կողմեր: Կարծում եմ՝ այդ ամենի հետեւանքը հասարակությունն արդեն զգում է:
-Ի վերջո, ի՞նչ էիք թաքցնում ժողովրդից, ինչո՞ւ կոնկրետ որեւէ բան չի ասվում, եթե, ըստ Ձեզ, ամեն ինչ արվում է հասարակության համար:
-Ժողովրդից որեւէ բան չունեինք թաքցնելու, պարզապես ավելի անկաշկանդ աշխատելու համար պետք էր նման կերպ վարվել: Ես 7 ժամ նիստ եմ վարել, ավելի անկաշկանդ աշխատելու համար տեսախցիկները խանգարում էին, իսկ ժողովրդին էլ պատգամավորները տեղեկություններ հայտնել են լրագրողների միջոցով: Ժողովրդից թաքցնելու խնդիր չի եղել, մեր խնդիրը ժողովրդի մոտ նկարվելը չէր: Իսկ եթե ուզում եք՝ ավելի կոնկրետ ասեմ, ապա կասեմ՝ կային պատգամավորներ, որոնք հերթագրվել էին հարց տալու համար… եթե տեսախցիկներ լինեին, ապա դոշերը ճղելով կխոսեին, իսկ պատգամավորներ կային, որ անգամ չսպասեցին իրենց հերթին. թողել, գնացել էին: Ես ուղղակի չեմ ցանկանում անուններ տալ, փակ նիստ էր, եթե այդքան սրտացավ էին, կարող էին մնալ մինչեւ նիստի վերջը, իրենց հարցը հնչեցնեին, ստանային պատասխանը: Բայց ես համոզված եմ, որ դա ուղիղ եթեր գնար, մինչեւ վերջ կմնային, ելույթ էլ կունենային: Մեր խնդիրը եղել է այն, որ շոու չլինի: Մեր նպատակը ժողովրդի մատից փուշ հանելն էր: Ու շնորհակալ ենք ե՛ւ Արծվիկ Մինասյանին, ե՛ւ Հրանտ Բագրատյանին, ե՛ւ Միքայել Մելքումյանին, ե՛ւ Ալեքսանդր Արզումանյանին, ովքեր ընդունեցին, որ իսկապես պետք է նիստն անցկացնել փակ ռեժիմով: Փակ նիստը չի նշանակում գաղտնի նիստ:
-Հայաստանում արտառոց իրավիճակ է, բայց Սերժ Սարգսյանն այդ ամենը անտեսելով՝ մեկնել է Բելգիա՝ ԵԺԿ նիստին մասնակցելու համար: Այս պահի դրությամբ այդքան կարեւո՞ր էր կուսակցական այդ նիստին մասնակցելը:
-Նախագահը գնալու է ու շատ արագ հետ է գալու, նախագահը Հայաստանի իրավիճակից չի կտրվում, ամեն ինչ իր վերահսկողության տակ է, ու մարդիկ թող նախագահից ավելի սրտացավ չլինեն: Նախագահն էլ, իշխանությունն էլ ցույց են տվել, որ ամենասրտացավն են, ի տարբեություն շատերի, տեսախցիկ չեն տեսնում ու սկսում գոռգոռալ, այլ լուռ գործ են անում: Այնպես որ, իշխանությունն իր տեղում աշխատում է:
Սոնա Գրիգորյան