Ավազակային հարձակում Հայփոստ բաժանմունքի վրա. տուժել է 2 կին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ հունիսի 20-ին, ժամը 15.15-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշական գյուղում ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապ Մուշական գյուղ (Շոռբուլախի հարևանությամբ) է մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը։ Օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ ժամը 15.00-ի սահմաններում մի երիտասարդ ներս է մտել Մուշական 1 հասցեում տեղակայված “Հայփոստ” ՓԲԸ թիվ 0098 բաժանմունք, որտեղ այդ պահին լինում է միայն բաժանմունքի պետը՝ Մուշական 1 փողոցի 20 տան բնակիչ 45-ամյա Արփիկ Հայրապետյանը։ Փոստային բաժանմունքի հարևանությամբ ապրող բնակիչները ֆոտոլրագրողին պատմել են, որ փոստային բաժանմունքում Ա. Հայրապետյանը մենակ է եղել։ Երբ ավազակային հարձակում կատարողը մտել է ներս, հարձակվել է նրա վրա, կպչուն ժապավենով կապել բերանը և ձեռքերը, ծեծի ենթարկել նրան՝ դեմքի և գլխի մասում պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչից հետո ստիպողաբար պահանջել է գումար։ Դրանից հետո նա հափշտակել է փոստային բաժանմունքի պետի դրամապանակն ու “Նոկիա” տեսակի հեռախոսը։
Գ. Շամշյանը հայտնում է, որ դրամապանակի մեջ եղել է 20 ԱՄՆ դոլար և 7000 դրամ։ Գ. Շամշյանը նաև հայտնում է, որ իր տեղեկություններով, մինչև դրամապանակը հափշտակելը, նա պահանջել է փոստում եղած գումարը, սակայն երբ նկատել է, որ փոստային բաժանմունքին են մոտենում քաղաքացիներ, դիմել է փախուստի։ Տիգրան Մեծի պողոտայից բերման են ենթարկել 28-ամյա Սահակ Կարապետյանին՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով։
Գ. Շամշյանը հայտնում է, որ բնակիչները պատմել են նաև, որ երբ նա դիմել է փախուստի, նրա փախուստը փորձել է կասեցնել գյուղապետը՝ Սվետա Ասլանյանը, ում ևս ավազակային հարձակում կատարած անձը փախուստի ժամանակ վնասվածքներ է հասցրել։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս