Թեեւ մեր պաշտոնյաները, մասնավորապես ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, տնտեսական ոլորտին առնչվող մյուս բարձրաստիճան անձինք մշտապես բարձրաձայնում են, որ սպեկուլյանտներին պատժելու են, բայց սպեկուլյացիան այս պահերին էլ է շարունակվում: Հակառակ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունների՝ հացի գինը համառորեն չի իջնում:
Հիմա ինչ-որ անհասցե մեղավորներ են փնտրվում, բայց իրականում պատկերը հետեւյալն է. «Բարբարի» հացի փոքր արտադրամասի տնօրեն Օլյա Բունիաթյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեց՝ նշելով, որ ե՛ւ շաքարավազը, ե՛ւ աղը թանկացել են, ինչի արդյունքում հացն էլ է թանկացել:
«Հացատեսակ կա, որ 10 դրամով է թանկացել, հացատեսակ էլ կա՝ 20 դրամով: Հուսով ենք, որ Ամանորից հետո ամեն ինչ իր տեղը կընկնի: Պատկերացրեք, որ ալյուրը նախկինում 12 հազար դրամով էինք գնում, իսկ հիմա այն դարձել է 18 հազար դրամ»,- ներկայացրեց արտադրամասի տնօրենը:
«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե դոլարի կայունացումից հետո կիջնեն հացի գները, նա պատասխանեց. «Չէ: Պարզ է, որ դոլարի փոխարժեքը նվազել է, բայց ամեն ինչն է թանկացել»:
Հաց արտադրողը եթե չի ստում եւ իրականում ալյուրը ձեռք է բերում 18-20 հազար դրամով, նա, բնականաբար, ստիպված է լինելու հացի գինը բարձրացնել: Ավելին՝ որեւէ լավատեսական կանխատեսում հացի գնի վերաբերյալ այս պահին դժվար է իրականացնել: «Երկրի գլուխը խառն է». դժվար է ասել: Բայց մյուս կողմից էլ պետք է արձանագրել, որ հացի գինն անխուսափելիորեն կթանկանար այն դեպքում, եթե էլեկտրաէներգիայի եւ գազի սակագները վերանայվեին:
Ի դեպ, ե՛ւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր», ե՛ւ «Գազպրոմ Արմենիա» ընկերություններն օրերս հայտարարեցին, որ մտադիր էին նոր սակագին ներկայացնել: Սակայն դոլարի շուկայի կայունացումից հետո նոր հայտարարություններով հանդես չեն եկել, ու պարզ չէ՝ իրենց սակագնային քաղաքականության վերանայման ծրագիրը սառեցվո՞ւմ է, թե՞ ոչ:
Այնուամենայնիվ, «Բաղրամյան ալրաղաց գործարան»-ի արտադրության պետ Սայաթ Գասպարյանը՝ լսելով, որ հացի արտադրամասերն ալյուրը ձեռք են բերում 18 հազար դրամով, զարմացավ. «18 հազար դրամով ալյուր չի վաճառվել, նման բան չի կարող լինել: Մենք համարյա չենք բարձրացրել ալյուրի գինը: Իհարկե, դոլարի փոխարժեքի բարձրացման հետեւանքով պարկի մեջ մի քանի հարյուր դրամի բարձրացում արձանագրվել է, բայց ոչ՝ հազարների: Չենք էլ պատրաստվում բարձրացնել, քանի որ հիմա իրավիճակը ստաբիլ է: Մեր արտադրության բացթողումը նույնն է մնացել, ո՛չ նվազել է, ո՛չ էլ բարձրացել: Մենք քաղաքից հեռու՝ շրջանում ենք աշխատում, գուցե՞ այս պատճառով էլ մեզ այդ թանկացումներն ուշ են հասնում»:
Նշենք, որ «Բաղրամյան ալրաղաց գործարան»-ը ցորեն ներմուծում է ե՛ւ Ռուսաստանի Դաշնությունից, ե՛ւ եվրոպական երկրներից: Սակայն վերջին շրջանում դոլարի փոխարժեքի բարձրացումը նույնպես թողել է իր վատ ազդեցությունը ընկերության վրա:
Իսկ «Մանչո գրուպ» ընկերության սեփականատեր Իվան Մոսոյանը «Ժոովուրդ»-ին փոխանցեց, որ իրենց ընկերության 50 կգ-անոց մեկ պարկ ալյուրի բաց թողման գինը կազմում է 14 հազար դրամ: Նշենք, որ այս ընկերությունը միայն ՌԴ-ից է ցորեն ներմուծում, երբեմն նաեւ՝ Ղազախստանից:
«18 հազար դրամ ալյուրի գին առ այսօր չի եղել, ամենաբարձր գինը եղել է 15 հազար 200 դրամ, այն էլ՝ դոլար-դրամ ցնցումների հետ կապված: Մինչդեռ դոլարի փոխարժեքի բարձրացման համեմատ այն պետք է հասներ նույնիսկ 16 հազար դրամի: Ցավոք, ներմուծման մասով բավականին դժվարություններ են առաջ եկել, այս պատճառով գուցե առաջիկայում կրկին թանկացում լինի: Այնտեղ ծովերը սառել են, եւ սառցահատման համար լրացուցիչ գումարներ են պետք»,-ներկայացրեց Մոսոյանը:
Հետաքրքիր է, թե ալյուրի յուրաքանչյուր պարկի մեջ 4 հազար եւ ավել դրամն ինչ հիմնավորմամբ է բարձրացել եւ ո՞ւմ գրպանն է լցվել այս օրերին: Առայժմ մեղավորներից որեւէ մեկի անունը չի հրապարակվել, որեւէ մեկը չի պատժվել: Ու անհասկանալի է, թե խանութներով շրջած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, երբ հացի գնի պիտակները պոկում էր տաղավարի վրայից, ի՞նչ արդյունք տվեց այն իրականում:
Սյունէ Համբարձումյան