«Ժողովուրդ» օրաթերթին է դիմել Աննա Հովսեփյան (անունը փոխված է) անունով ազգանունով մի քաղաքացի, ով Աստծուն հաճելի մի գործ կատարելով` մեծ պատմության մեջ է ընկել ու հիմա հիվանդանոցներ-դատարաններ ճանապարհներին է հայտնվել: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կալանք է դրել «Վիտրոմեդ» վերարտադրողական առողջության կենտրոնի լաբորատորիայում բեղմնավորած սաղմի վրա, որը պետք է արդեն իսկ տեղադրված լիներ փոխնակ մոր արգանդում:
Այս տարվա հոկտեմբերի 6-ին քաղաքացու եւ «Վիտրոմեդ» վերարտադրողական առողջության կենտրոնի միջեւ կնքված «Բժշկական ծառայությունների մատուցման մասին» պայմանագրի համաձայն՝ կենտրոնը պետք է իրականացներ անպտղության բուժում` արտամարմնային բեղմնավորման մեթոդով: Այսինքն` դոնորի սերմնաբջիջների օգտագործմամբ, այնուհետեւ ստացված սաղմերը պետք է տեղադրվեն փոխնակ մոր արգանդի խոռոչ: Ի դեպ, դոնորը Ա. Հովսեփյանի նախկին ընկերն է եղել եւ համաձայնել է դոնոր դառնալ:
Նշենք, որ քաղաքացին ծառայության համար կենտրոնին վճարել է շուրջ 3 մլն դրամ: Այդ գումարի դիմաց սերմնաբջիջներից ստացված թվով 8 սաղմերը, որոնք դեռ հոկտեմբերին պատրաստ էին, պետք է տեղադրվեին փոխնակ մոր արգանդում: Սակայն կենտրոնը, առանց որեւէ պատճառաբանությունների կամ հիմնավորումների, ձգձգել է սաղմը փոխնակ մոր արգանդում տեղադրելու իր պայմանագրային պարտավորության կատարումը: Քաղաքացու պնդմամբ՝ ավելի քան մեկ ամիս է, ինչ «Վիտրոմեդ»-ը «անհիմն կերպով» հրաժարվում է սաղմը տեղադրել փոխնակ մոր արգանդում:
Պարզվում է, որ վերջին փուլում դոնորը հրաժարվել է, որ իր սերմով բեղմնավորած սաղմից երեխա ծնվի, ինչից հետո անմիջապես միջնորդություն է ներկայացրել դատարան՝ սաղմի վրա կալանք դնելու պահանջով: Սակայն այստեղ Աննան պնդում է, որ խախտվել է «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքը.
«Դատարանն էլ, որպես հայցի ապահովման միջոց, որոշել է արգելանք դնել սերմնաբջիջի վրա: Դա աբսուրդ է, դա նույնն է` ինչ դոնորը դիմի դատարան` արդեն փոխնակ մոր արգանդում եղած սաղմի զարգացումը սառեցնելու պահանջով: Հաշվի չի առնվել, որ հայցվորն ընդամենը դոնոր է, որը «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ չունի որեւէ իրավունք եւ չի կրում որեւէ պարտականություն օժանդակ տեխնոլոգիաների օգտագործման արդյունքում իրենից սերված երեխայի նկատմամբ: Այսինքն՝ դոնորն իր համաձայնությունը տալուց հետո դադարում է որեւէ իրավունք ունենալ սաղմի նկատմամբ»: Սակայն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը բավարարել է հայցվորի ներկայացրած հայցապահանջը:
Աննա Հովսեփյանն իր հերթին դիմել է դատարան՝ պահանջով՝ պարտավորեցնել «Վիտրոմեդ»-ին կատարելու իրենց միջեւ կնքված պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Բացի այս՝ Աննան նաեւ միջնորդություն է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` վերացնելու ձեւավորված սաղմի հետ որեւէ գործողություն կատարելու արգելքը: Նա միջնորդել է նաեւ արագացված դատաքննություն կատարել, քանի որ սաղմը կրեոտիվ սառեցման պայմանագիրը կնքված է 6 ամսով, որից երկու ամիսն արդեն անցել է:
«Ես կարծում եմ, որ այդ քայլով իմ նախկին ընկերը պարզապես վերժ է փորձում լուծել ինձանից: Եւ անհասկանալի է, թե ինչու է այս խաղի մեջ խառնվել «Վիտրոմեդ»-ը: Գուցե՞ փոխհամաձայնության են եկել»- կասկածներ հայտնեց Աննան՝ պատմելով, որ «Վիտրոմեդ»-ն իրեն առաջարկել է անվճար մատուցել նույն ծառայությունները մեկ այլ դոնորի մասնակցությամբ: Սակայն Աննան մերժել է այս առաջարկը:
Աննայի պնդմամբ՝ «Վիտրոմեդ» վերարտադրողական կենտրոնն իր իրավունքները խախտել է, քանի որ, երբ սկսվել է արտամարմնային բեղմնավորման գործընթացը, կլինիկայի տնօրինությունն իրենից չպետք է պահանջեր նոտարով կնքված պայմանագիր: Իսկ երբ դոնորը հրաժարվել է, այդ ժամանակ նոր առիթից օգտվելով՝ կլինիկայի տնօրինությունը քաղաքացուց «անհիմն» պահանջել է նոտարով կնքված պայմանագիրը:
Աննան այս անգամ էլ մեջբերեց «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը, որտեղ խոսք չկա այն մասին, որ նոտարով կնքված պայմանագիրը պետք է կլինիկան պահանջի: Իսկ համապատասխան օրենքի 13-րդ հոդվածում նշված է, որ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց եւ փոխնակ մոր կամ հայտնի դոնորի դեպքում փոխհարաբերությունները կարգավորվում են նրանց միջեւ կնքվող գրավոր պայմանագրերով, որոնք ենթակա են նոտարական վավերացման:
«Ես չեմ պատրաստվում հանձնվել: Այս ամենը կարող է վտանգավոր նախադեպ դառնալ մյուս կանանց համար, ովքեր ցանկանում են մայր դառնալ: Բացի այդ՝ փոխնակ մոր հետ ես պայմանավորվածություններ ունեմ: Նրան մինչ օրս վճարում եմ բուժման կուրսի համար»,- փոխանցեց Աննան:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Վիտրոմեդ» վերարտադրողական կենտրոնի տնօրեն Հակոբ Մելիքյանի հետ, ով ասաց. «Դոնորը եկել է ու մեզ գրություն է տվել, որ չի ցանկանում երեխա ունենալ եւ հետագայում դիմել է դատարան, ու արգելանք է դրվել սաղմի վրա: Սաղմերը մեզ մոտ սառեցված են: Արդեն մենք աշխատանքը կատարել ենք, կլինիկան իր գործն արել է, իսկ տեղադրման համար հիմա արգելանք է դրված, մենք այս պահին չենք կարող հստակ գործողություն անել: Նույնիսկ եթե շատ ցանկանանք տեղադրել, միեւնույն է՝ իրավունք չունենք: Սպասում ենք դատարանի որոշմանը»:
ՍՀ, ՏՍ, ՏՀ