Երգչուհի Հռիփսիմե Ելինյանը, ով հեռուստադիտողներին հայտնի է նաեւ «Բարի լույս» ծրագրի շրջանակներում թողարկվող «Երաժշտական խոհանոց»-ից, իր ժամանակի զգալի մասը նվիրում է մանկավարժությանը, ուստի վերջին շրջանում հանդես չի գալիս նոր տեսահոլովակով: «Ֆուլ հաուս» հումորային ծրագրի հերոսներից մեկի՝ Մուշեղի դերակատարի՝ Գրիգոր Դանիելյանի կինը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բացահայտել է ամուսնու բնավորության «թաքնված» գծերը, խոսել հումորիստ ամուսին ունենալու առավելությունների մասին՝ նշելով, որ Գրիգորն իրականում ամենեւին նման չէ իր կերտած վերջին կերպարին: Հռիփսիմեն անդրադարձել է նաեւ իր անվան շուրջ պտտվող որոշ խոսակցությունների:
-Հռիփսիմե՛, այժմ երաժշտական ի՞նչ գործունեություն եք ծավալում: Ինչո՞ւ նոր տեսահոլովակ չեք ներկայացնում:
-Այժմ զբաղված եմ մանկավարժությամբ, դասավանդում եմ Կոնսերվատորիայում, իսկ «Տրիո» ստուդիան, որը ղեկավարում եմ, առաջիկայում կընդլայնի իր գործունեությունը: Ամենաուրախալին այն է, որ օրեցօր բավական մեծ աճ եմ նկատում սաներիս շրջանում: Ինչպես գիտեք՝ մեր ստուդիան իրականացնում է «Երաժշտական խոհանոց» թողարկումը, որը վարում եմ ես, եւ որտեղ ներկայացնում ենք մեր ստուդիայի կատարած աշխատանքը: Եվ քանի որ ժամանակիս մեծ մասը նվիրում եմ սաներիս, չեմ հասցնում մտածել նոր տեսահոլովակի մասին: Սակայն, ինչպես ասում են, մի քիչ էլ պետք է իմ մասին մտածեմ (ծիծաղում է):
-Ձեր ամուսնու եւ որդու հետ մի քանի համատեղ տեսահոլովակ ունեք. կարելի՞ է ասել, որ ընտանեկան բիզնես եք անում:
-Այդ տեսահոլովակները չի կարելի դիտարկել որպես բիզնես, դրանք զուտ մեր ընտանեկան սերն արտահայտելու միջոցներից են:
-Թանկ միջոցներ չե՞ն:
-Թանկ են (ծիծաղում է):
-Եթե հաշվի առնենք, որ Գրիգոր Դանիելյանը թեեւ երգիչ չէ, բայց Ձեզ հետ համատեղ տեսահոլովակ է թողարկում, կարելի՞ է ակնկալել, որ մի օր էլ Դուք կզբաղվեք դերասանությամբ:
-Ո՛չ, ես խիստ կասկածում եմ, որ երբեւէ կզբաղվեմ դերասանությամբ, թերեւս միայն տեսահոլովակիս շրջանակում:
-Խոսակցություններ են պտտվում այն մասին, որ Դուք կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի բարեկամուհին եք, եւ նա օգնում է Ձեզ այս ոլորտում կայանալու հարցում, ի՞նչ կասեք:
-Ո՛չ, ես եւ Երվանդ Երզնկյանն արյունակցական որեւէ կապ չունենք, պարզապես լավ բարեկամներ ենք, ընտանիքներով մտերիմ ենք: Նա Կոնսերվատորիայում մեր էստրադային ջազ-վոկալ ամբիոնի վարիչն է, ժամանակին նրա ղեկավարած նվագախմբում հանդես եմ եկել որպես մեներգչուհի: Իսկ, առհասարակ, իմ կայացման գործում մեծ ներդրում է ունեցել հայրս: Անշուշտ, Երվանդ Երզնկյանն էլ իմ մանկավարժական գործունեության ընթացքում մեծապես օգնել է ինձ:
– Ինչպիսի՞ն է «Ֆուլ հաուսի» Մուշեղի դերակատարը՝ Գրիգոր Դանիելյանը, տանը: Նա, կերպարի խոսքով ասած, «Եվայի» ո՞ր հատկությունը տանել չի կարողանում:
-Շատ լավն է, եթե, իհարկե, տանն է, առհասարակ, նրա առօրյան շատ հագեցած է…Մուշեղի դերակատարն իրական կյանքում չի սիրում եվաների «Ադամ» տեսակը եւ հակառակը (ծիծաղում է): Իսկ, առհասարակ, ամուսինս բացարձակ նման չէ իր վերջին կերպարին. իրականում նա շատ կնամեծար է:
-Հումորիստ-դերասան ամուսին ունենալու առավելությունը ո՞րն է:
-Առավելությունները շատ են, օրինակ՝ նա թեթեւ մարդ է եւ նշանակություն չի տալիս մանրուքներին, բայց, միեւնույն ժամանակ, խիստ է եւ պահանջկոտ: Ամեն հարց չէ, որին Գրիգորը հումորով է վերաբերվում: Միակ բարդությունն այն է, որ նա չափազանց զբաղված է, քանի որ հանդես է գալիս նաեւ որպես սցենարիստ, եւ ես կուզենայի, որ ամուսինս ավելի շատ ժամանակ տրամադրեր ընտանիքին:
-Ինչպես տեսնում ենք՝ Ձեր որդուն արդեն «աստղ» եք դարձրել. նրան Ձեր ասպարեզ մտցնելու միտում ունե՞ք:
-Ասեմ, որ մեր որդին դերասանական տաղանդ ունի, նաեւ շատ լավ երգում է, բայց ամենից շատ սիրում է նկարել: Իսկ նրան մեր ասպարեզ մտցնելու նպատակ, որպես այդպիսին, չունենք: Երեխան ինքը հետագայում կորոշի՝ որ ոլորտում է ուզում լինել:
Աննա Բաբաջանյան