Այսօր` վաղ առավոտից, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղական համայնքում տեղի ունենում ավագանու անդամի արտահերթ ընտրություն: Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, ավագանու 5 տեղերի համար պայքարում է նույնքան ինքնաառաջադրված թեկնածու: Նրանցից 4-ը իգական սեռի ներկայացուցիչներ են: Թեկնածուներից երկուսը ՀՀԿ, մեկը՝ ՀՅԴ անդամներ են, երկուսը՝ անկուսակցական:
Նշենք, որ նախապես առաջադրված 6 թեկնածուներից մեկն ինքնաբացարկ է հայտնել:
Հավելենք, որ Բաղրամյան գյուղական համայնքում ավագանու անդամի արտահերթ ընտրությունը, ըստ կառավարության հոկտեմբերի 30-ի նիստում ներկայացված հիմնավորման, պայմանավորված է այն հանգամանքով, որ 2012 թ.-ի սեպտեմբերի 9-ին ընտրված ավագանու 5 անդամներից 3-ը 2014թ.-ի ընթացքում հրաժարականներ են ներկայացրել, ինչի հետևանքով ավագանու նիստերի հետագա անցկացումը դարձել է անհնարին: Օգոստոսի 18-ին կազմվել է ավագանու լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ արձանագրություն, որը ՀՀ Արմավիրի մարզպետի կողմից ներկայացվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարություն: