Հայաստանի Ազգային Ժողովը ընդունեց Կառավարության ներկայացրած հնգամյա ծրագիրը` 2013-17 թվականների համար: Ծրագիրն ընդունվել է 75 կողմ, 47 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Ծրագրին կողմ են քվեարկել Ազգային Ժողովի Հանրապետական եւ “Օրինաց երկիր” խմբակցությունները:
Մինչ քվեարկությունը եզրափակիչ ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջինս նշեց, որ երեկվանից տրվող գնահատականները անձնական բնույթի են, և կոչ արեց, որ վարչապետի անձի հասցեին չուղղվեն վարկաբեկող գնահատականներ: Մինչ քվեարկությունը ելույթ ունեցավ նաև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով կոչ արեց բոլորին կողմ քվեարկել կառավարության ծրագրին: Թե նախկինում, թե քվեարկությունից առաջ “Բարգավաճ Հայաստան”, “Հայ ազգային կոնգրես”, “Ժառանգություն” եւ “Հայ հեղափոխական դաշնակցություն” խմբակցությունները հայտարարել էին, թե դեմ են քվեարկելու:
Ելույթ են ունեցել մոտ երեք տասնյակ պատգամավորներ` թե իշխանությունից, թե ընդդիմությունից, որոնք փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել:
Կառավարության ծրագիրը նախատեսում է տնտեսական աճ 7 տոկոսի, եւ աղքատության կրճատում 8-10 տոկոսի չափով, մոտ 100 հազար աշխատատեղերի ստեղծում: