Հարսնաքարի գործով 5 անձինք ձեռնաշղթաներով տեղափոխվեցին Ոստիկանության ՔԳՎ (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հունիսի 21-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության արագ հակազդման բաժնի աշխատակիցները Ոստիկանության Քննչական գլխավոր վարչություն տեղափոխեցին հինգ երիտասարդների: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված երիտասարդները ՔԳՎ տեղափոխվեցին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից:
Գ. Շամշյանը հայտնում է, որ այդ երիտասարդները ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող “Հարսնաքար” ռեստորանային համալիրի աշխատակիցներ են և կասկածվում են նշված համալիրում 4 օր առաջ խուլիգանություն կատարելու և առանձնակի դաժանությամբ ծեծ իրականացնելու մեջ: Գ. Շամշյանը հայտնում է, որ բացի վերը նշված 5 հոգին կա ևս 2-3 ձերբակալված, և նրանց թիվը կարող է մեծանալ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով այսօր ճանաչում է լինելու նշված անձանց և նրանց կողմից ծեծի ենթարկված ՀՀ Պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի աշխատակիցների միջև:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ի երեկոյան, ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող “Հարսնաքար” ռեստորանում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի աշխատակից, բուժծառայության մայոր Վահե Ավետյանն ենթարկվել է նյարդավիրաբուժական վիրահատության: Վերջինիս վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Միջադեպի արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել նաև նույն հոսպիտալի աշխատակից Արտակ Բայադյանը և ռազմական բժիշկ Գարիկ Սողոմոնյանը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
 




Լրահոս