2011-ի սեպտեմբերին վնասազերծված ավազակախմբի գործը մինչ օրս դեռ չի բացահայտվել: Անգամ գողոնը դեռ հայտնաբերված չէ: Իսկ հանցագործության համար կալանավորվածները շարունակում են պնդել, որ իրենք անմեղ են:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից “Ժողովուրդ”-ին տեղեկացրին, որ շարունակվում է գործի նախաքննությունը: Տարօրինակն այն է, որ տասը ամիս շարունակ այդ քրեական գործը ձգձգվում է. ո՛չ դատարան է գնում, ո՛չ էլ բանտարկվածներին են ազատում: Մինչդեռ ամեն ինչ այդ գործում ավելի քան պարզ է. բոլորին է հայտնի, թե ովքեր են տուժողները՝ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Աղվան Գրիգորյան եւ այլք: Հայտնի են նաեւ հանցագործները (համենայնդեպս, նրանց մեծ շուքով կալանավորեցին): Էլ ի՞նչն է խանգարում իրավապահներին պարզել, թե որտեղ է գողոնը, եւ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել թալանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ու Երեւան քաղաքի վարչության եւ նրա ստորաբաժանումների հետ վնասազերծել էին 16 հոգու: Իսկ ձերբակալված բանդայի պարագլուխը, ըստ պաշտոնական հաղորդագրության, Արտյուշա Հակոբյանն էր` Գառնու “Սուրիկի լավաշ”-ի սեփականատիրոջ` Սուրիկ Հակոբյանի որդին: Սակայն մինչ օրս գրեթե բոլոր բանտարկվածները պնդում են, որ իրենք հանիրավի են կալանավորվել:
“Ժողովուրդ”-ը զրուցեց Սուրեն Հակոբյանի հետ՝ պարզելու, թե ինչ նորություն ունի որդիների գործից. “Ոչ մի բան չկա: Տարել են ու պահել, բայց ձերբակալվելուց մինչ օրս ոչ մի մեղադրանք չկա: Արդեն հինգերորդ անգամն է, ինչ երկու-երկու ամսով կալանքը երկարաձգում են”: Սուրիկ Հակոբյանի մյուս որդուն՝ Անդրանիկ Հակոբյանին, դատապարտել են մեկ տարի ազատազրկման:”Չգիտեմ, թե ում հաճույքն էր: Երեւի ուզում էին իմ ընտանիքից երկու հոգու կալանավորել: Այս երկրում օրենք չկա”,-համոզված ասաց Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ 3000 գառնեցիներից ստորագրություն է հավաքել՝ իրենց անձնագրերի սերիաներով, որոնք իրենց վրդովմունքն են արտահայտել Հակոբյան եղբայրների ձերբակալման առնչությամբ: Դիմում-բողոքն ուղարկվել է ՀՀ նախագահին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Ազգային Ժողով, ՀՀ կառավարություն: “Ինձ պատասխան նամակ եկավ նախագահից, որտեղ ասվում էր, որ իմ բողոքն ուղարկել են դատախազություն: Ես գնացի, որ հանդիպեմ գլխավոր դատախազին, սակայն նա չընդունեց”,-ավելացրեց վրդովված հայրը:
Հիշեցնենք, որ այդ ժամանակահատվածում խարդախության մեղադրանքով ձերբակալվեց Արտյուշա Հակոբյանի կինը՝ Մարինա Գեորգաձեն, որն իր կալանքի օրերն անցկացնում է Վրաստանի բանտում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ