Կառավարությունը երեկ հրապարակել է 2012-2017թթ. ծրագիրը, որը միանգամայն համահունչ է իր նոր կազմին. այսինքն` զերծ լուրջ բովանդակային փոփոխություններից: Այն ավելի շատ բարի մաղթանքների ժողովածու է հիշեցնում, քան գործադիր իշխանության կողմից մշակված լուրջ ծրագրային փաստաթուղթ: Ընդ որում, անգամ այդ բարի ցանկություններն էլ, ի համեմատ նախորդ ծրագրերի, շարադրված են նկատելիորեն ավելի զուսպ եւ զգուշավոր` հնարավորինս զերծ տնտեսական հստակ ցուցանիշների ամրագրումից: Իսկ առկա գլխավոր ցուցանիշը առաջիկա 5 տարում աղքատությունը 8-10 տոկոսով կրճատելն է, որին կառավարությունը պետք է հասնի՝ «ապահովելով երկարաժամկետ կայուն տնտեսական աճի հիմքեր եւ համաշխարհային տնտեսական աճից ավելի բարձր` 5-7 տոկոս իրական աճ»: Որպես այդ գերնպատակին հասնելու քայլեր՝ կառավարությունը նշում է «տնտեսական աճի բաղադրիչների որակական փոխակերպման եւ արդյունավետ կառուցվածքային տեղաշարժերի կառավարելի համակարգի ձեւավորումը», «ձեռք բերված մակրոտնտեսական կայունության պահպանումը», «պետություն-մասնավոր հատվածի համագործակցության սկզբունքի ներքո ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավմամբ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող հայկական ընկերությունների կայացմանը նպաստելը»: Ասել է թե` ոչ մի նոր բան: Ընդհանրապես կառավարության այս ծրագրում առկա են բազմաթիվ դրույթներ, որոնք ընթերցելիս «դեժավյուներ» են առաջանում: Այսպես. որպես թիվ մեկ գերակայությանը` տնտեսության մրցունակության բարձրացմանը հասնելու քայլերից մեկը, նշվում է տարածքների համաչափ զարգացումը: Այն, ինչը գերակայություն էր դեռեւս 2008-ից` սկսած Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրից: Ինչպես հիշում ենք, այս նպատակով Տիգրան Սարգսյանը ձեռնամուխ եղավ Գյումրին նավահանգստային տեխնոպարկ, իսկ Դիլիջանը` բանկային կենտրոն դարձնելուն: Թե որքանով իրագործվեց Տ. Սարգսյանի այս «տեսլականը», հայտնի է բոլորիս:
Այնուամենայնիվ, ծրագրում կան նաեւ մի քանի լուսավոր կետեր. մասնավորապես առաջիկա 5 տարիների ընթացքում աշխատավարձի առնվազն կրկնակի ավելացում, ծնելիության խթանման նպատակով յուրաքանչյուր 3-րդ եւ 4-րդ երեխայի համար 1 միլիոն դրամի, իսկ 5-րդից հետո 1,5 միլիոն դրամի հատկացում, յուրաքանչյուր առաջին դասարանցուն անվճար համակարգչի տրամադրում, ՀՀ բոլոր քաղաքացիների համար սրտի անհետաձգելի վիրահատության երաշխավորում: Սակայն ինչպես այս, այնպես էլ ծրագրի մնացած դրույթները կառավարությունը պատրաստակամ է իրականացնել, եթե չլինեն «արտաքին ռիսկեր», որոնց ծրագրում հատկացված է մի ամբողջ գլուխ: Այնպես որ, առնվազն մի հարցում կառավարությունը ցուցաբերել է նոր մոտեցում. եթե նախկինում ասվում էր` «ճգնաժամ չկա, չասենք` որ չլինի», ապա հիմա գործում է հակառակ սկզբունքը:
Իսկ ընդհանրապես, այս ծրագրի թերեւս միակ փոփոխությունն այն է, որ Տիգրան Սարգսյանը վերջապես գտել է «դիվերսիֆիկացված» բառի հայերեն տարբերակը` տարազանված: Մնում է՝ այն ըստ էության կիրառի:
ՄՆՈՒՄ Է` ԿԻՐԱՌԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ