Օլիմպիական չեմպիոնուհի Ալինա Կաբաևային անցած գիշեր տեսել են մոսկովյան սրճարաններից մեկում: Ընդ որում, ականատեսների վկայություններով՝ նրա անվտանգությունը հսկում էին մոտ 10 զինված մարդիկ:
«Կոֆեմանիա» սրճարանի մոտ արված ավտոմատավորների լուսանկարը Facebook-ի իր էջում տեղադրել է շոումեն Ալեքսանդր Բելովը: Վերջինիս արած գրառման մեջ նշվում է, որ երեկոյան անցնելով սրճարանի մոտ՝ նա զարմանքով տեսել է դրա մուտքի մոտ կանգնած ավտոմատավորներին և մտածել, «Տեսնես ո՞վ է այդքան վախեցած ապրում, որ անգամ սրճարան պահակախմբով է գնում»: Հետո նա մտել է սրճարան և տեսել այնտեղ Կաբաևային:
Ինչպես նշում է znak.com-ը, վերջերս Կաբաևան շատ հազվադեպ է երևում հասարակական վայրերում, իսկ կես տարի առաջ արգելափակվել է նրա պաշտոնական կայքը:
Նշենք, որ այս տարվա սեպտեմբերի 15-ին Ալինան դիմում էր ներկայացրել Պետդումա՝ իր պատգամավորական պարտականությունները դադարեցնելու մասին: Նշվում էր, որ մարզուհին նման որոշում էր կայացրել այլ աշխատանքի տեղափոխվելու պատճառով: Հետագայում հայտնի է դարձել, որ այդ աշխատանքը նորաստեղծ «ազգային մեդիա Գրուպի» տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնն է:
Ի դեպ, մեդիահոլդինգի սեփականատերն է Յուրի Կովալչուկը, ով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «մոտ շրջանակի» անդամ է:
Դեռևս ՌԴ նախագահի ապահարզանից առաջ ռուսական դեղին մամուլը շատ էր գրում Պուտինի և Կաբաևայի միջև առկա կապի մասին, սակայն այդ տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել: Ինքը նախագահը մշտապես խուսափել է պատասխանել իր անձնական կյանքի մասին հարցին: Սակայն վերջերս կայացած ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ինքը սիրում է և սիրված է: