Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի 2014թ. չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը 6:3 հաշվով հաղթանակ էր տարել ԱՄՆ-ի ազատ ոճի լավագույն ըմբիշներից մեկի` Կայլ Դեյկի հետ և ֆեյսբուքյան էջում կիսվել իր տպավորություններով:
«Շնորհավորհում եմ բոլորիս Madison square garden-ում տարած գեղեցիկ հաղթանակի կապակցությամբ: Սա առանց չափազանցության պատմական իրադարձություն էր նախ այն պատճառով, որ Հայաստանը ներկայացնող առաջին հայազգի մարզիկն էր հանդես գալիս այդ հիասքանչ դահլիճում, որտեղ ներկա էր 6000-ից ավելի հանդիսատես, այդ թվում՝ մեր հայրենակիցները, ինչն անչափ ոգեւորող եւ հաճելի էր: Նաեւ շատ կարեւոր էր ձեւաչափը՝ հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբիշների մենամարտ` մրցակցի հարազատ երկրում եւ քաղաքում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։
Գոտեմարտը շատ դիտարժան ստացվեց: Բազմաթիվ ամերիկացիներ հիացած էին եւ նշում էին, որ վաղուց ներկա չէին եղել նման հետաքրքիր հունահռոմեական ոճի գոտեմարտի: Դահլիճը, իրոք, ազդեցիկ էր, եւ ամերիկացիներն էլ իսկապես շոուներ կազմակերպելու հարցում լավագույններից են: Գոտեմարտն ընթացավ գրեթե ամբողջությամբ այնպես, ինչպես ես նախատեսել էի, իմ կողմից մի փոքր վրիպումով, որում անչափ մեծ էր կազմակերպիչների մեղքը: Նախ, ամբողջ գոտեմարտի ընթացքում ինձ 2 անգամ պասիվություն տվեցին. մի բան, որ ինձ հետ երբեք չի եղել: Այսինքն, պարզ էր, թե դատավորն ինչ տակտիկա է ընտրել: Բացի այդ, իմ կատարած հնարքը պահանջվածից ցածր գնահատվեց: Գոտեմարտ պետք է հաղթեի 8:2 հաշվով, սակայն գրանցվեց 6:3:
Մյուս պատճառը, որ զգալիորեն խանգարեց ինձ գոտեմարտի ընթացքում, կազմակերպիչների կողմից մեր բոլոր պայմանավորվածությունների կոպիտ խախտումն էր: Եվ միայն դրանից հետո համոզվեցի, որ նահանգներում առանց մենեջերի շատ բարդ է, գրեթե` անհնար: Ամեն ինչ սկսվեց օդնավակայանից, երբ ինձ եւ մարզիչիս ոչ ոք չդիմավորեց: Երբ մեր տեղացի հայի օգնությամբ ժամանեցինք հյուրանոց եւ կապնվեցի կազմակերպչի հետ` հայտնելու դժգոհությունս, 1000 անգամ ներողություն խնդրեց եւ նշեց, թե դա իբր թյուրիմացություն է: Բայց հետագայում պարզվեց, որ դրանք խորապես մտածված քայլեր էին՝ ինձ հունից հանելու, նյարդայնացնելու եւ հնարավորինս դժվարություններ ստեղծելու համար: Խնդիրներ հյուրանոցում, մարզումների կազմակերպման հարցում, զույգերի բացակայություն, փորձ` փոխելու գոտեմարտի օրենքները, պայմանավորված քաշը. բնականաբար, այս ամենը չէր կարող հետեւանք չթողնել բուն գոտեմարտի վրա, ինչին եւ նրանք ձգտում էին: Ուղղակի, իմ փորձի շնորհիվ կարողացա անհրաժեշտ պատասխան տալ թե՛ գորգի վրա, թե՛ դրանից դուրս:
Այնպես որ, երբ ասում են, որ ԱՄՆ-ում ամեն բան ճիշտ է, դա բնավ էլ այդպես չէ: Գերմանիայից հետո սա լրիվ այլ իրականություն էր եւ շատ լավ փորձ հետագայի համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է 27-ամյա ըմբիշը: