ԿԱՄՔ ՉԿԱ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ԴԱՏԱՐԱՆ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր շարունակ ձգվում է ՀՀ փաստաբանական պալատի անդամների եւ դատական համակարգի ներկայացուցիչների միջեւ արդեն հրապարակային դաշտ մտած հակամարտությունը: Փաստաբանները դժգոհում են, որ դատավորները անարդարացի որոշումներ են կայացնում, իսկ դատավորները կարծիք են հայտնում, որ փաստաբանները պրոֆեսիոնալ չեն, չեն կարողանում արդյունավետ աշխատել: Ի վերջո, որտե՞ղ է թաքնված «շան գլուխը»:

ՀԱՐՑ. Ըստ Ձեզ՝ ի՞նչն է խանգարում մեր երկրում ունենալ դատական անկախ համակարգ եւ իրական արդարադատություն:

ՊԱՏԱՍԽԱՆ. Բարդ հարց է: Դատական համակարգն, ամեն դեպքում, ինչքան էլ որ ասենք, թե գործում է կողմերի հավասարության սկզբունքով, դեռեւս նկատում ենք, որ իրեն բարձր է դասում փաստաբաններից: Եւ այսօր էլ տեսաք, թե փաստաբանների բարձրացրած հարցերին ինչպիսի հակահարված տվեցին, ինչ մոտեցում ցուցաբերեցին: Մինչդեռ փաստաբանները ոչ կոռեկտ բան չեն պահանջել: Ես անձամբ՝ որպես փաստաբան, չգիտեմ՝ որ բողոքս կընդունվի վարույթ, որը՝ ոչ: Ի՞նչն է խանգարում, որ մենք ունենանք դատական անկախ համակարգ եւ իրական արդարադատություն, այդ հարցը պետք է տալ հենց իրենց, քանի որ մենք իրենց  ցանկացած պահանջ կատարել ենք, բայց իրենք փաստացի չեն կատարում, եւ իրենց խնդիրն է, թե ինչու չեն ուզում կատարել: Լուրեր կան, որ առաջին ատյանի դատավորներն ասել են, թե մեր բարձրացրած հարցերի հետ համաձայն են: Սերժ Սարգսյանը՝ որպես արդարադատության երաշխավոր, պետք է հստակություն մտցնի, եւ վերջին հաշվով, այնպես անեն, որ դատական համակարգը գործի անկաշկանդ:

ՄԵԼԱՆՅԱ  ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ
փաստաբան

ՊԱՏԱՍԽԱՆ. Մենք չունենք դատական իշխանություն: Դատարան չունենք: Անկախ դատական համակարգ ընդհանրապես չունենք: Որեւէ բան չունենք: Իշխանությունը չի պատկանում ժողովրդին. այստեղ է թաքնված «շան գլուխը»: Եթե իշխանությունը ձեւավորվեր ժողովրդով, եթե ԱԺ-ն ընտրվեր ժողովրդի կողմից, նախագահն ընտրվեր ժողովրդի կողմից, մենք կունենայինք դատական անկախ իշխանություն: Իշխանությունը բռնազավթված է, թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր, թե՛ դատական համակարգը նույնպես զավթված է, իշխանությունը գտնվում է մի քանի անձանց ձեռքում, իսկ պատկերն այսպիսին է:

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ  
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր

ՊԱՏԱՍԽԱՆ. Չկա որեւէ բան, որ խանգարի մեր երկրին, որպեսզի ունենանք դատական անկախ համակարգ, ուղղակի պետք է փորձենք փոխել ու կատարելագործել: Սա մշտական գործընթաց է, եւ այդ ուղով գնում ենք:

ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱԺ պետաիրավական հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Առաջինը՝ ցանկություն է պետք ունենալ: Ժողովուրդն ուզում է, մնում է՝ վերեւները ցանկանան:

 ՊԱՐԳԵՎ ՕՀԱՆՅԱՆ
նախկին դատավոր

ՊԱՏԱՍԽԱՆ. Այս իմաստով զորակցում ենք Փաստաբանների պալատին եւ գտնում ենք, որ դատական անարդարությունների հիմնական պատճառը դատական իշխանության վերնախավում է: Նույնիսկ մի քանի փաստաբանների ոչ պրոֆեսիոնալ լինելու դեպքում արդարադատության վիճակը չէր վատանա, եթե դատական համակարգում չլիներ անպատժելիությունը: Իսկ դրա պատճառն էլ իր հերթին դատական իշխանության վերնախավի կողմից կարգապահական պատասխանատվության ոչ արդյունավետ, հաճախ անարդար կիրառումն է:

ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Մարդու իրավունքների պաշտպան
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս