ՍՊԱՆԵԼ Է 5000 ԴՐԱՄԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 17-ին Գյումրիում տեղի է ունեցել դաժան սպանություն. դանակահարվել է  Լալայան փողոցի բնակիչ, միայնակ թոշակառու 77-ամյա Ռոզա Խաչատրյանը: Թաղամասի բնակիչները տեղի ունեցածը սարսափով են պատմում: Ասում են`  սպանությունը տեղի է ունեցել 5000 դրամի պատճառով: Այս տեղեկությունը նրանց է հայտնել Ռոզա Խաչատրյանը եւ անգամ հասցրել հաղորդել` ով է գնացել նման քայլի: Գործով ձերբակալվածը՝ 21-ամյա Հարություն Հարությունյանը, բնակվում է նույն թաղամասում: Նա արդեն մեղայականով ներկայացել է իրավապահ մարմիններին: Նրան սպառնում է 8-15 տարվա ազատազրկում:
Թաղամասի բնակիչները պատմում են, որ դեպքը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 21-ի սահմաններում: Երիտասարդը, գնալով Ռոզա Խաչատրյանի բնակարան, նրանից պահանջել է 5000 դրամ: Երբ կինը չի տվել պահանջված գումարը` բացատրելով, որ ձեռքի տակ այդքան փող չունի, Հ. Հարությունյանը սկսել է դանակով հարվածներ հասցնել կնոջը` ստամոքսի շրջանում: Հանցագործը նաեւ կտրատել է ծեր կնոջ ձեռքերը: Ռոզա Խաչատրյանը, սակայն, հասցրել է այդ վիճակով դուրս վազել եւ հարեւաններին օգնության կանչել: Դեպքը ցնցել է թաղամասի բնակիչներին, որոնք վախեցած պատմում են, որ շատերն են թաղում միայնակ ապրում եւ կատարվածից հետո սարսափով են լուսացրել: Նախքան սպանությունը Լալայան փողոցում տեղի են ունեցել նաեւ մի շարք գողության դեպքեր, եւ բնակիչները դա կապում են նույն անձի հետ:
Սպանված կինն ուներ երեք տղա, որոնք իրենց ընտանիքների հետ ապրում են արտերկրում, իսկ Ռոզա Խաչատրյանը` տնակում, միայնակ: Հարեւանների խոսքերով` կինը բնակարան էր ստանալու նորակառույց թաղամասում եւ պատրաստվում էր մասնակցել բնակբաշխման գործընթացին: «24 տարի միասին էս թաղում էինք ապրում: Լավ, բարի կին էր: Միասին էլ աշխատել ենք: Միայնակ ապրող խեղճ կնոջը դրին սպանեցին 5000 դրամի պատճառով»,-վրդովվում է թաղամասի բնակչուհի Սիլվա Սիմոնյանը:
Լալայան փողոցի բնակիչները դժգոհում են նաեւ իրավապահ մարմինների գործունեությունից: Ասում են` ոստիկանությանը տեղյակ պահել են, որ թաղում գողություն է կատարվում, անգամ տվել են կասկածյալի` 21-ամյա երիտասարդի անունը, ում ճանաչել են որպես վատ հեղինակություն ունեցող եւ կասկածելի անձնավորության: Բնակիչների խոսքերով` իրավապահներն ընթացք չեն տվել իրենց հայտարարություններին, ինչն այսպիսի սարսափելի վերջաբան ունեցավ:
«Տարե մեզի կքննեն, մենք ինչի՞ց ենք խաբար: Մեզի մինչեւ առավոտ 6-ը պահել են ոստիկանությունում: Ըդպե՞ս կաշխատի ոստիկանությունը: Գողություն էր էղել, ինչի՞ տեր չեղան: Կարող է հենց գողության շարունակությունն էլ սպանությունն էր»,-ասում են թաղի բնակիչները:
Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: ՇՄ քննչական բաժնից տեղեկացանք, որ երիտասարդն այն նույն քաղաքացին է, ում անունը տվել են թե՛ ծեր կինը, թե՛ թաղի բնակիչները:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս