Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դեկտեմբերի 18-20-ը աշխատանքային այցով մեկնել էր Հունաստանի Հանրապետություն:
Նախարարը հանդիպումներ է ունեցել համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: Այցելել է Սուրբ Թերեզա, Սուրբ Կարապետ, Սուրբ Հակոբ, ինչպես նաև Հայ Ավետարանական եկեղեցիներ, «Լևոն և Սոֆի Հակոբյան», «Ճենազյան», «Գալփաքյան» և «Զավարյան» վարժարաններ, աշակերտերի եւ մանկավարժների հետ քննարկել հայկական դպրոցների հիմնախնդիրներին վերաբերող հարցեր:
Դեկտեմբերի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարը Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանի ուղեկցությամբ ՀՅԴ Կենտրոնական կոմիտեում հանդիպել է կոմիտեի ներկայացուցիչներին: Նրանք ՀՀ սփյուռքի նախարարին են ներկայացրել Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործում համայնքում տարվող աշխատանքների, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացման ընթացքը:
Խոսվել է հունահայ համայնքի նեկա խնդիրների, համայնքում գործող կառույցների և ազգային, քաղաքական, լրատվական, բարեսիրական, մշակութային և մարմնակրթական ոլորտներում նրանց ծավալած աշխատանքների մասին:
Դեկտեմբերի 19-ին Հրանուշ Հակոբյանը Նոր Զմյուռնիայի «Լեոնտիո» վարժարանի ամֆիթատրոնում մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ և Հունաստանում ՀՀ դեսպանության, Համազգային հայ կրթական և մշակութային միության շրջանային վարչության, ՀԲԸՄ-ի Երիտասարդ արհեստավարժների համագործակցությամբ կազմակերպված Հայաստանի երգի պետական թատրոնի «Կոմիտաս. եկել եմ» երաժշտական ներկայացմանը:
Ողջունելով լեփ-լեցուն դահլիճում հավաքված հայ հանդիսատեսին և միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարարն ասել է. «Այս տարի ազգովի նշեցինք Կոմիտաս Վարդապետի ծննդյան 145-ամյակը: Մենք ծանոթ ենք Կոմիտասի ստեղծագործություններին քառաձայն երգչախմբերի կատարմամբ: Սակայն այսօր բոլորովին այլ Կոմիտաս պիտի ունկնդրենք: Կոմիտասը կարող է նաև ժամանակակից և մաքուր, երիտասարդների սրտից խոսող հնչեղություն ունենալ»:
ՀՀ սփյուռքի նախարարն անդրադարձել է Սփյուռքի մարտահրավերներին, նշել, որ հայ մշակույթի և մշակութային մեր ինքնության պահպանումն ու զարգացումը, ինչպես նաև ազգային միասնությունն ու մեր համազգային արժեքների գերակայությունը իմաստավորվում են հենց այսօրինակ նախաձեռնություններով:
ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի բեմականացմամբ, երգիչներ Ռուսլան Էլեազյանի, Անուշ Բադալյանի, Գրիգոր Կեոկչյանի, Միլենա Մելիքյանի և Նարե Գրիգորյանի կատարմամբ ներկայացվել են Կոմիտաս Վարդապետի քսանմեկ ստեղծագործություններ:
Աթենքի հայ համայնքի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ Երգի պետական թատրոնի ներկայացումը եզակի առիթ էր՝ ներկայացնելու կոմիտասյան երգերի գեղեցիկ համադրություն՝ ջազային և դասական մշակումներով:
«Ազատ օր» հայկական օրաթերթի գլխավոր խմբագիր Հռիփսիմե Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ սփյուռքի նախարարին՝ միջոցառման կազմակերպման և նմանօրինակ նախաձեռնություններով հայրենիք-սփյուռք գործակցությունը խթանելու համար: Նա նշել է, որ մշակութային առիթներն ավելի են զորացնում Սփյուռքում հայապահպանությանն ուղղված ջանքերը:
Դեկտեմբերի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարը ՀՀ դեսպանությունում հանդիպումներ է ունեցել ՌԱԿ Հունաստանի շրջանային վարչության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանձնախմբի, Հունահայկական առևտրաարդյունաբերական պալատի և «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնի ներկայացուցիչների հետ:
Նախարար Հրանուշ Հակոբյանը, բարձր գնահատելով համայնքում կատարած հայապահպանական գործունեությունը, ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով է պարգևատրել հունահայ բժիշկ, հունահայոց ազգային վարչության նախկին ատենապետ դոկտոր Արմեն Տերյանին:
Այցի շրջանակներում նախարարը հարցազրույցներ է տվել «Ազատ օր», «Նոր աշխարհ», «Հայաստան» և «Արմենիկա» պարբերականներին:
Դեկտեմբերի 20-ին նախարար Հրանուշ Հակոբյանը մեկնել է Կիպրոսի Հանրապետություն: