Հունիսի 12-ին կայացած Տավուշի մարզխորհրդի հերթական նիստի օրակարգի առաջին հարցով քննարկվեցին ՀՀ կրթության պետական տեսչության կողմից մարտի 19-ից մինչեւ ապրիլի 5-ը Տավուշի մարզպետարանի կրթության վարչությունում եւ մարզի դպրոցներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: Տեսչության կողմից ուսումնասիրությամբ ընդգրկվող ժամանակահատված է ընդունվել 2009թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ 2011թ. դեկտեմբերի 29-ը:
Զեկույցով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանը: Կրթության տեսչությունը Տավուշի մարզի դպրոցներում բազմաթիվ ու բազմապիսի խախտումներ եւ թերացումներ է հայտնաբերել, որոնք կապված են 10-րդ եւ 11-րդ դասարաններում սովորողների ընդունելության, տեղափոխման, փոխադրման եւ ավարտման կարգերի, ինչպես նաեւ կրթական գործընթացի կազմակերպման եւ դպրոցների կանոնադրության հետ:
Հերթական անգամ մարզպետ Արմեն Ղուլարյանն Աշոտ Փաշինյանին հանձնարարեց վերացնել թերությունները: Սակայն ինչպե՞ս պետք է դպրոցներում առկա թերությունները վերացվեն, եթե մարզի բազմաթիվ դպրոցների տնօրեններ, մեղմ ասած, «իրենց տեղում չեն»: Նրանք հիմնականում միջինից բարձր տարիք ունեն, հեռու են կրթության ոլորտում բարեփոխումներն ընկալելուց եւ կիրառելուց: Այդ տնօրենները չեն կարողանում օգտվել համացանցից, որպեսզի դրա միջոցով ծանոթանան հանրակրթության նորություններին: Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, նշեմ, որ մարզխորհրդի նիստի ընթացքում պարբերաբար հնչում էին դպրոցների տնօրենների բջջային հեռախոսների զանգերը` խանգարելով նիստի բնականոն ընթացքին:
Արդեն մի քանի տարի ուսուցիչների խորհրդակցությունների ժամանակ մարզպետ Ղուլարյանը դպրոցների տնօրեններից պահանջում է ժողովի ժամանակ հեռախոսներն անջատել կամ միացնել դրանց «առանց ձայնի» ռեժիմը: Սակայն, ինչպես հայտարարեց դպրոցների տնօրեններից մեկը, իրենք ի վիճակի չեն դա անել: Վերջին նիստի ժամանակ էլ տնօրեններից մեկի հեռախոսի զանգն ասես խորհրդային տարիների զարթուցիչի զիլ ձայն լիներ: Դա խորհրդանշական կարելի է համարել: Կոչնակը վաղուց հնչել է, սակայն դպրոցների խնդիրները տարիներ շարունակ չլուծված են մնում: Հիրավի, կադրերն են վճռում ամեն ինչ. նման տնօրեններով լավագույն դեպքում նախորդ դարի պահանջներին համապատասխան կրթություն կարելի է իրականացնել:
ԱՆՑԱԾ ԴԱՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ