Լրագրողների հետ տարեվերջյան հանդիպմանն այսօր Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտարարեց, որ ԱՆ-ն և ԶԼՄ ընդհանուր գործ են անում՝ ուղղված համակարգի բարելավմանն ու կատարելագործմանը:
Նախարարի խոսքով՝ պրոֆեսիոնալ ու պատասխանատու մամուլն օգնում է վեր հանել համակարգում առկա խնդիրները:
«Մեզ քննադատելով՝ ստիպում եք չթուլանալ, ավելի զգաստ և զգոն լինել: Նախարարությունը շատ բաց է լրագրողների առաջ, այդպես կլինի նաև ապագայում»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ցանկացած քննադատություն ընդունելի է, եթե այն արվում է պատասխանատվության զգացումով, պրոֆեսիոնալ մակարդակով և իրավիճակ փոխելու նպատակով:
Նախարարի ողջույնի խոսքից հետո մրցանակներ հանձնվեցին մի շարք լրատվամիջոցների որոշ հրապարակումների համար: Մրցանակաբաշխության անվանակարգերից էին, օրինակ, «նախարարի առաջին հարցազրույցը», «նախարարության կայքի ամենահավատարիմ բաժանորդ», «ամենազգաստացնող տեսախցիկ», «ամենաուղենիշային հրապարակում», «ամենաօպերատիվ հրապարակում», «ամենազվարճալի սուտը», «ամենակրեատիվ բամբասանքը», «ամենադիպուկ լեգենդը», «ամենաճշմարտանման շշուկը», «ամենաքնարական քննադատությունը», «ամենահետապնդող հարցումը», «ամենազվարճալի վրիպակը»:
Նշենք, որ Armlur.am լրատվական կայքին տրվեց «ամենադիպուկ լեգենդ» մրցանակը՝ «Արդարադատության նախարարը քանդո՞ւմ է մարզպետների տակը» վերտառությամբ հոդվածի համար: Նախարարությունը, ինչպես և լրատվամիջոցը, հոդվածին հումորով էր մոտեցել: Հավելենք, որ հոդվածն այն մասին էր, որ ՀՀ արդարադատության նախարարի՝ հոկտեմբերի 27-ի Վայոց Ձոր և Սյունիք կատարած մարզային այցերից անմիջապես հետո հետաքրքիր զուգադիպությամբ Հայաստանի երկու մարզպետներ լքեցին իրենց պաշտոնը: Հովհաննես Մանուկյանի այցից հետո պաշտոնանկ եղավ նախ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ապա Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Լրատվամիջոցը, ինչպես և նկատեց նախարարությունը, դիպուկ դիտարկում էր կատարել, թե այս տրամաբանությամբ եթե շարժվեինք, առաջիկայում թերևս կարող էինք սպասել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի և Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի պաշտոնանկություններին 😀 :
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում: