Վերջերս բալետմայստեր ՌՈՒԴՈԼՖ ԽԱՌԱՏՅԱՆԻՆ շնորհվեց ժողովրդական արտիստի կոչում: Սակայն, ինչպես պարոն Խառատյանը մեզ հետ անկեղծացավ, կոչումները ոչինչ չեն փոխում իր մեջ. «Բոլորն ինձ շնորհավորում են, ուրիշ ոչ մի բան: Ես ոչ թե համեստ եմ այս տեսակ հարցերում, այլ մինուս համեստ եմ, քանի որ խնդրել եմ, որ իմ նախորդ կոչումները չհայտարարեն: Ձեւականություններից հեռու եմ մնում»:
-Դուք երկար տարիներ աշխատել եք Վաշինգտոնում, բայց կրկին վերադարձել Հայաստան: Հետաքրքիր բան է ստացվում՝ բոլորը գնում են, Դուք հետ եք գալիս:
-Ես գնացի միայն աշխատանքիս բերումով: Էնտեղ էր, որ պետք է հաստատվեի որպես լավագույն ու հաստատվելուց հետո էլ ինձ այստեղից հրավեր եղավ, որ գամ, բեմադրություններ անեմ: Եկա, արեցի, հետո էլ ասացին` մնացե՛ք, ինձ համոզեցին, որ պետք է հետ գամ, այստեղ զարգացնեմ բալետը, աչքաթող չանեմ, որ հայկական բալետն էլ բարձր մակարդակի վրա լինի: Համարյա 2 տարի է` այստեղ եմ, բայց 20 տարուց ավել դրսում եմ աշխատել: Հերթական հյուրախաղերի ժամանակ մրցույթ էր, մասնակցեցի ու Մոնրեալում սկսեցի պարել փոքր բալետային խմբի մեջ` ե՛ւ պարող էի, ե՛ւ բեմադրիչ: Այնուհետեւ մրցույթ Վաշինգտոնում, որտեղ հիմնվեց ռուսական դպրոց, ես էլ գնացի էնտեղ, շահեցի մրցույթն ու դարձա 4-րդ բալետմայստերը: 3 դասատու Մարիինյան թատրոնից էին, ես էլ դարձա չորրորդը ու 4 տարի դասավանդեցի Վաշինգտոնի «Կիրով» ակադեմիայում: Սակայն ուզում էի ավելին անել ու մտա Վաշինգտոնի ազգային բալետ` սկզում որպես դասատու, հետո էլ՝ գլխավոր դասատու:
-20 տարուց ավել դրսում պարել ու դասավանդել եք, քիչ չէ: Ի՞նչ տվեցին Ձեզ այդ տարիները:
-Այս տարիների ընթացքում ես ե՛ւ տալիս էի, ե՛ւ սովորում, նորարարություններ անում: Ես երկար տարիներ արեւելյան մարտաձեւերով եմ զբաղվել ու շատ էլեմենտներ կիրառեցի բալետային բեմադրությունների մեջ: Ես համադրում էի դասականն ու ժամանակակիցը: Համարվեցի Վաշինգտոնի դասական պարի լավագույն դասատու: Սկսեցի նաեւ «մասթեր կլասեր» տալ ԱՄՆ-ի լավագույն բալետային խմբերին, հետո էլ հրավերներ էի ստանում Կանադայի դպրոցներից, գնում, բեմադրություններ անում:
-Ինչպե՞ս են նորարարություններն ընդունվում աշխարհում եւ Հայաստանում:
-Դրսում չեն նայում` դու ինչ ազգ ես, որտեղից են այդ նորը բերել, իրենց արդյունքն է հետաքրքրում: Իսկ էստեղ շատերը չեն հասկանում` ինչն է կարեւորը, ինչ-որ հին բաների հետեւից են ընկնում, իմ դրած բեմադրություններին կարող են անուն դնել:
-Հայաստանում ժամանակակից բալետը չե՞ն հասկանում:
-Ո՛չ, չեն հասկանում, որովհետեւ մենք երկար տարիներ դաստիարակվել ենք սովետական բալետի դպրոցի ստանդարտներով: Մարդիկ ոնց որ թե ափսոսում են այդ ժամանակները ու չեն ուզում ինչ-որ բան փոխել, բայց չէ՞ որ ամեն ինչ գնում է առաջ, ժամանակները փոխվում են, հո միայն զուսպ դասակա՞նը չէ, այլ էլեմենտներ էլ են մտցնում, թարմացնում պարը: Այսօր բալետը դինամիկ է, չի կանգնում տեղում, ինֆորմացիայի մեծ խտություն է, հազար ու մի էլեմենտ են կիրառում, իսկ այստեղ դեռ հին ստանդարտներով են պարում: Հիմա ես, հիմքում պահպանելով մեր ավանդական դասական բալետը, ստեղծում եմ նորը, որ առաջընթաց լինի:
-Դուք դասավանդել եք ե՛ւ դրսում, ե՛ւ այստեղ: Մեր բալետի պարողներն ունե՞ն բավականաչափ հնարավորություններ, ներուժ, թե՞ դրսի որակն ուրիշ է:
-Մեր պարողները ոչնչով չեն տարբերվում դրսի պարողներից, միայն դիսցիպլինայի առումով, այսինքն` ներքին աշխատունակությամբ: Բայց պետք է ճիշտն ասեմ, այս մի երկու տարվա մեջ բավականին լավացել է նրանց տեխնիկան: Դրսի բալետ պարողները շատ աշխատասեր են, իսկ մենք ավելի տաղանդավոր ենք: Չնայած ես ավելի շատ գնահատում եմ աշխատասիրությունը, քան տաղանդը: Աշխատասիրությամբ կարելի է հասնել մաքսիմումի:
-Չե՞ք կարծում, որ աշխատասիրություն ունենալու համար էլ նպաստավոր պայմաններ են պետք: Եթե լավ վարձատրվեն, կարող է եւ սրտանց պարեն, ցանկանան օրեր անցկացնել դահլիճում:
-Շատ ճիշտ եք, իհարկե, այդ ամենի տակ ճիշտ վարձատրվելու խնդիրն է: Եթե ես նրանց լավ չվարձատրեմ, նրանք պետք է մի քանի տեղ աշխատեն, որ կարողանան իրենց ընտանիքը պահել: Իսկ եթե լավ վճարվեն, ամբողջ ուժն ու էներգիան ուղղված կլինի միայն բալետին: Դե մեզ խոստումներ են տալիս, ես էլ հավատում եմ, որ ժամանակի ընթացքում բալետ պարողների աշխատավարձը պետք է բարձրացնեն: Ես մի բանի համար եմ ափսոսում, որ այս 2 տարիների ընթացքում հետները պարապեցի, որոշակի հմտություններ ձեռք բերեցին ու թողեցին հեռացան: Արդեն 5 հոգի դուրս են գնացել:
ԲԱԼԵՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՂԱՆԴԻՑ ԿԱՐԵՎՈՐ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ