Armlur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության մի շարք աշխատակիցներ լուրջ մտահոգությունների և տարակուսանքի մեջ են: Պատճառը, ըստ մեզ հասած լուրերի, այն է, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ՊՊԳՎ փոխանցված դրամական խրախուսանքներն ու հավելավճարները վարչության ծառայողներին չեն հասնում:
Թեմայի շուրջ Armlur.am-ը զրուցեց ՊՊԳ վարչության պետ Ռոմա Մկրտումյանի հետ, ով վստահեցրեց, որ ոստիկանապետը վարչությանը գումար չի հանձնել: «Նոր տարվա հետ կապված` այս պահի դրությամբ նման որոշում չկա: Դեռ ժամանակ ունենք, հնարավոր է` հետագայում նման որոշում լինի»,- ասաց Ռ. Մկրտումյանը:
Իսկ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պարզաբանեց, որ օրենքով սահմանված կարգով՝ լավագույն ծառայողները հրամանատարի կողմից դրամական պարգևների են արժանանում: Իսկ համատարած խրախուսանքներ չեն լինում և այս տարի էլ չեն լինի: «Օրենքը նախատեսում է, թե կոնկրետ ում ինչքան կտրվի, կա հստակ սահմանափակում: Այս նախաձեռնությունն իրականացվում է տարվա մեջ 2-3 անգամ»,- շարունակեց Աշոտ Ահարոնյանը՝ հավելելով, որ ծառայության լավագույն աշխատողները ղեկավարության կողմից խրախուսանքների կարժանանան մոտ օրերս:
Մինչդեռ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության աշխատակիցները շարունակում են մնալ այն համոզման, որ ինչպես մյուս վարչությունները, այնպես էլ իրենք՝ ՀՀ ոստիկանապետի կողմից ավանդական խրախուսանքները ստացել են, սակայն իրենց վարչության պետ Մկրտումյանը անհասկանալի հանգամանքներում գումարն իրենց չի տալիս: