ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Նպաստառու ենք եղել, բայց «Մեգա» լոտոյով 11 մլն դրամ շահելու պատճառով մեր նպաստը դադարեցրել են: Այդ շահած գումարը այս երկու տարվա մեջ, բնականաբար, սպառվել է, բայց մեր նպաստը դեռ չեն վերականգնում, եւ դա այն դեպքում, երբ հինգ անչափահաս երեխա կա ընտանիքում: Խնդրում եմ բացատրել, թե ինչու հիմա մեզ նորից նպաստ չի հասնում:

Սուսաննա Նավասարդյան, 67 տարեկան, թոշակառու


ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը,  Սուսաննա Նավասարդյանի  ընտանեկան նպաստ ստանալու իրավունքի հետ կապված, տեղեկացնում է հետեւյալը.
Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի` ընտանիքի չափահաս անդամներից մեկը տարեկան մեկ անգամ պետք է իր փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին ներկայացնի հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթեր: Համաձայն նույն օրենքի 8-րդ հոդվածի՝ ընտանեկան նպաստ նշանակվում է այն աղքատ ընտանիքին, որի անապահովության միավորը բարձր է ընտանիքի անապահովության սահմանային միավորից, որը սահմանում է ՀՀ կառավարությունը: Իսկ ՀՀ կառավարության 29.12.2011թ. «2012 թվականի պետական նպաստների չափերը սահմանելու մասին» համար 1861-Ն որոշմամբ՝ 2012թ. ընտանեկան նպաստ նշանակելու համար անապահովության սահմանային մեծության միավոր է սահմանվել 30.00 միավորը:
Մասնավորապես Սուսաննա Նավասարդյանի ընտանիքն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում վերջին անգամ հաշվառվել է 25.01.2010թ.-ին եւ անապահովության միավորը զրոյացվել է նպաստ կամ օգնություններ ստանալուց ընտանիքի կամավոր հրաժարվելու պատճառով:
շարունակելի

Սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյան


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, շահումը փորձանք է դարձել Սուսաննա Նավասարդյանի համար: Ճիշտ է, տեղի ունեցածն ապացուցում է, որ մարդիկ լոտոներով երբեմն նաեւ շահում են, բայց զավեշտալի է, որ շահումն ազդել է Նավասարդյանների ընտանիքի ամենամսյա չնչին նպաստի վրա: Թեեւ, մյուս կողմից էլ, շահած 11 միլիոն դրամը փոքր գումար չէ, եւ կարելի էր այն խելամիտ ներդնելու դեպքում այլեւս չմնալ նպաստի հույսին:




Լրահոս