Մանվել Գրիգորյանը պոռնկագրական նյութեր տարածող ազատամարտիկին բնութագրող փաստաթուղթ է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաների ընդհանուր իրավասության դատարանն այսօր 53-ամյա Նիկոլային պոռնկագրական նյութեր տարածելու մեղադրանքով դատապարտեց 200 հազար դրամ տուգանքի:

Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից, ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, ապա՝ որպես արդարացում նշել. «Օրենքը խախտել եմ, բայց հայրենիքը մայրս է, և ես ցանկացել եմ նրան փրկել, ինչը հաջողվել է»:

Նշենք, որ մեղադրական եզրակացության համաձայն՝ Նիկոլային մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրացնելու նպատակով ձեռք է բերել պոռնկագրական նյութեր պարունակող թվով 17 հատ «Sublie M 5», «DEBAUCHES», «Fantastic», «WXTAZE» և «EXTASY» տպագիր հրատարակություն հանդիսացող ամսագրեր, որոնցում կոպիտ, գռեհիկ, նատուրալիստական ձևով մանրակրկտորեն ցույց են տրվում սեռական ակտի անատոմիական, ֆիզիոլոգիական մանրամասները: Այդ ամսագրերից թվով մեկն առևտուր կատարելու եղանակով 2014թ. հունիսի 7-ին «Վերնիսաժ» տոնավաճառում ապօրինի տարածել է:

Ի դեպ, ամբաստանյալը հայտարարել է, թե ամսագրերն ինքը ձեռք չի բերել վաճառելու նպատակով, և որ իրեն է փոխանցել իր ծանոթներից մեկը, ով տարիներ շարունակ իրենից գրքեր է գնել:

Նշենք, որ Նիկոլայն ամուսնացած չէ, երեխաներ չունի, շաբաթ և կիրակի օրերին «Վերնիսաժ»-ի տոնավաճառում գրքեր է վաճառում և նրա խնամքին է 2-րդ կարգի հաշմանդամ մայր, ով տառապում է շաքարային դիաբետով:

Պաշտպանական կողմը դատարանին ներկայացրել է իր պաշտպանյալի անձը բնութագրող փաստաթղթեր, մասնավորապես՝ ներկայացված «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Մանվել Գրիգորյանի և N զորամասի հրամանատարի կողմից: Այդ փաստաթղթերից պարզ է դարձել, որ Նիկոլայն Արցախյան ազատամարտի տարիներին մասնակցել է ինչպես զինամթերքի պատրաստման, այնպես էլ՝ ռազմական գործողությունների:




Լրահոս